Այս իշխանության անհեռատես քաղաքականության արդյունքում գործի է դրվում պանթուրքիզմը, աստիճանաբար զավթվում են նորանոր հայկական տարածքներ. Էդիկ Մինասյան

62

Պատմությունից այդպես էլ դասեր չքաղեցինք, Առաջին հանրապետությունը գոյատևեց մոտ երկուսուկես տարի և ունեցավ իր պատմական դերակատարումը, դրա հիմքի վրա ստեղծվեց խորհրդային, ապա և Երրորդ Հանրապետությունը. այսօր կանգնած ենք ցավալի իրողության՝ պետականության կորստի առջև, դա ներկայիս ղեկավարության անհեռատես քաղաքականության արդյունքն է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

«44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տրվեցին կոպիտ սխալներ, ինչի հետևանքով մենք հայտնվեցինք անմխիթար վիճակում: Ինչպես հարյուր տարի առաջ, դերակատարները նույնն են՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան: Միջազգային իրադրության, տոտալ մեկուսացման առումով նույն վիճակում ենք, ինչ 1920-ին: 44-օրյա պատերազմից առաջ բանակի վարկաբեկումը նախապատրաստեց մեր պարտությունը, կա բանակի նկատմամբ հուսալքության քարոզչություն»,- ասել է պատմաբանը:

Ըստ Մինասյանի՝ պատերազմի ընթացքում հակառուսական տրամադրություններ էին ստեղծվում, ինչն անթույլատրելի էր. «Եթե 1920-ի դեկտեմբերին իշխանությունը կամավոր հեռացավ, այս իշխանությունն ատամներով կառչած է աթոռներից: Մայիսյան հերոսամարտերում հաղթանակ տարավ մեր համախմբվածությունը՝ բանվորից ու գյուղացուց մինչև կաթողիկոս: Այդ հաղթանակը ձեռք բերվեց անհատների՝ Մովսես Սիլիկյանի, Արամ Մանուկյանի, Դրոյի տաղանդի շնորհիվ: Հրետանավոր Գուրգեն Տեր-Մովսիսյանը չենթարկվեց նահանջի հրամանին և Ղարաքիլիսայում մինչև վերջ կռվելով՝ զոհվեց»:

Պրոֆեսորի կարծիքով՝ Ադրբեջանը ժամանակին օկուպացրել է մի շարք հայկական տարածքներ, բայց չգիտես ինչու՝ մենք ենք նրան զիջում. «Խորհրդային տարիներին՝ դեռևս 1920-ականներից, հողային վիճելի հարցերի հետ կապված մի շարք արձանագրություններ կային: Ադրբեջանցիներն արոտատեղերի անվան տակ զավթել են մեր տարածքներն, օրինակ, Տավուշում: Պետք է տարածքը պահելու կամք, պայքարելու ցանկություն լինի, ի վերջո՝ դրանք մեր պատմական տարածքներն են: Պանթուրքիզմի քաղաքականությունը, որը դարեր շարունակ չեն կարողացել իրականացնել, այսօր, ըստ էության, գործի է դրվում»:

Պատմագիտության դոկտորի պնդմամբ՝ դարերի ընթացքում մարել է պետության և անկախության նկատմամբ մեր հարգանքն ու նվիրումը, այսօր ոմանք մեր անկախությունը ֆիկցիա են համարում: «Մենք հպարտանում էինք Շուշիի ազատագրմամբ և այդպիսով մաքրեցինք Կարսի ամոթալի անկումը: Բայց 2020-ի նոյեմբերին մենք զիջեցինք Շուշին այնպես, ինչպես Կարսը՝ առանց կռվի: Շուշին ու Կարսը մեր արևելքի և արևմուտքի բերդաքաղաքներն են: Շուշին անհնար է գրավել, այն անառիկ է: Ցավալի է, որ շատ մարդիկ անտարբեր են, Արցախում մեր ժառանգությունը գերության մեջ է: Շուշիից ոչինչ չտեղափոխվեց, պատմական ժառանգության նմուշների մեծագույն մասը մնաց թշնամուն»,- ամփոփել է Էդիկ Մինասյանը: