Երկիրը լրջագույն վիճակում թողած՝ պետք է ընկնեի նախկինների հետևի՞ց. Ռոբերտ Քոչարյան

66

1998-ից մինչև 2021 թվականը ՀՀՇ-ի գործունեությանը քաղաքական գնահատական տալու հարցն ինձ հետապնդում է։ Ամեն հանդիպման ժամանակ այս հարցն ինձ տալիս են։ Այն ժամանակ մոտեցումս հետևյալն էր՝ երկիրը գտնվում էր լրջագույն վիճակում, պետբյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր, ուսուցչի աշխատավարձը՝ 5 հազար դրամ, կենսաթոշակը՝ 2-3 հազար դրամ, պարտքեր էին կուտակվել։ Հիմա, այս ամենը թողած, ընկնեի նախկինների հետևից, սրան-նրան բռնեի, ամբողջ էներգիաս ծախսեի դրա վրա, որ վերջում մի երկու հոգի դատվեի՞ն։ Ես ասացի, որ այս գիծը պետք է քաշենք ու թողնենք-գնանք ժողովրդի խնդիրները լուծելու։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը մայիսի 26-ին Կոտայքի մարզի քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ: «Իմ նախընտրական հանդիպումներին ես խոստանում էի, որ մարդկանց կյանքը պետք է բարելավեմ, ոչ թե մի քանի հոգու դատեմ։ Ճի՞շտ եմ արել, թե՞ ոչ, չգիտեմ։ Այն ժամանակ եղել է ներքին լարվածություն, դժգոհություն, բայց մենք պատերազմ չէինք պարտվել, զոհեր ու տարածքային կորուստներ չէինք ունեցել։ Անցյալը մի վտանգավոր բան էլ ունի․ կարող է գնաս ու չկարողանաս հետ գալ։ Երբ հայացքդ դեպի անցյալ է լինում, դու ապագան դժվար ես տեսնում»,- նշել է նա։ Ինչպե՞ս եք պատկերացնում Մեղրիի միջանցքի խնդրի լուծումը՝ հարցին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահը հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «Միջանցք բառը հիմա ընդհանրապես չպետք է օգտագործել։ Եթե խոսքը գնում է բոլոր կոմունիկացիաների ազատ աշխատանքի մասին, այո՛, թող դրանք աշխատեն։ Ի՞նչ է նշանակում միջանցք։ Այդ հարցը քննարկելը մեզ համար ձեռնտու չէ։ Երբ որ ասում են, որ հիմա կբացվի և ամեն ինչ կսկսի աշխատել, այդպես չէ, որովհետև Թուրքիան երկաթուղի է կառուցելու Նախիջևանից դեպի Իգդիր։ Դա լինելու է մոտ 87 կմ-նոց հատված։ Նա դառնալու է միջանցք, որը կապելու է Թուրքիան Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Աշխարհաքաղաքական առումով սա բավականին լուրջ հետևանքների է բերելու: Տվյալ դեպքում չափազանց մեծ սխալ կլինի քննարկել այդ միջանցքի գաղափարը, որով հետև դա լինելու է ուրիշի շահերի սպասարկման քայլ»։