Փշրանքներով գոհացած

57

Երբ երկու-երեք տարի առաջ Հայաստանի տարբեր անկյուններում հայտնվեցին պաստառներՙ «Կոտրիր կարծրատիպերը» խորագրով, երբ մեկուկես տարի առաջ Հայաստանում օրվա սուրճի սպառումից ավելի շատ վաճառվում էր ամերիկացի բլոգեր Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, երբ դրանից կես տարի առաջ ձեռքից ձեռք էր անցնում Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը, շատերը խանդավառության մեջ չէին էլ պատկերացնում, որ այդ ամենով այսօրվա իրադարձությունների համար հող էր նախապատրաստվում:

Հետո պիտի իրադարձությունները համադրեինք ու համոզվեինք, որ Շուռնուխում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հայտնվելն ու ծեծկռտուքի մեջ ներգրավվելը բոլորովին էլ պատահականություն չէր. ինչո՞ւ հենց Սյունիքի Շուռնուխում եւ ոչ Ստեփանավանում: Հետո պիտի հասկանայինք, որ պետության բյուջեի վրա 2,7 միլիոն դրամ արժեցած եւ մետրոյի կայարանում ցուցադրված «Հուզանք ու զանգ» «ներկայացումը» եւս պատահական ընտրված թեմա ու մոտիվացիա չէր: Հետո պիտի հասկանայինք, որ Փաշինյանի հայտարարածՙ «Արցախյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի ե՛վ Ադրբեջանի ժողովրդի համար, ե՛ւ Արցախի ժողովրդի համար, ե՛ւ Հայաստանի ժողովրդի համար» թեզը հերթական բարբաջանք չէր, այլ հմտորեն ծրագրված նպատակ ու գերխնդիր, որ առանց խոչընդոտի, բառացիորեն մեկուկես տարի անց իրագործվեց բոլորիս վկայությամբ ու ներկայությամբ:

Հետո պիտի հասկանայինք, որ հրեա «հալածյալ» բլոգեր Լապշինի պարբերական այցերը Հայաստան ու Հայաստանում բառացիորեն նրա տնավորվելը եւս պատահականություն չէ: Պատահականություն չէր Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ իրականացված «ճնշումները» եւ որպես հումանիտար պատսպարանՙ նրա հանգրվանելը Հայաստանում: Փաստերը վկայում են, որ Լապշինը որտեղ եղել ու լուսանկարվել է, հայկական որ տարածքի մասին իր բլոգում տեղեկություն է տեղադրել, բոլորը հանձնվել են թշնամուն: Վերջերս էլ նա գնացել էր Տավուշի մարզ ու լուսանկարվել սահմանամերձ Այգեձոր գյուղում: Հետեւանքներն անխուսափելի են:

Երեք տարվա ընթացքում իշխանությունները հնարավորինս հմտորեն շոշափել են հանրային տրամադրությունները, քարոզչական աշխատանք տարել, թե ՀՀ հպարտ քաղաքացիներից յուրաքանչյուրը մի-մի վարչապետ է, Հայաստանի տերն ու տիրակալը, թե երջանիկ ու հաջողակ ապրելու համար նրանց միշտ խանգարել են «նախկինները», ու որպեսզի հաջողակ ու երջանիկ կյանքը հանկարծ չխաթարվի, պետք է իսպառ բացառել «նախկինների» հնարավոր վերադարձը: Այս մանիպուլյացիաների ու դեմագոգիկ քարոզչության արդյունքում հարյուր հոգու շրջանում արված հարցումները ցույց են տվել, որ հարյուրից իննսունչորսը գերադասում է ապրել թուրքերի ու ադրբեջանցի հետ, միայն թե «նախկինները» չվերադառնան:

«Սիրո եւ հանդուրժողականության թավշյա հեղափոխության» պտուղները, ահավասիկ: Սիրում ենք թուրքերին, հանդուրժում ադրբեջանցիներին, թավիշով պատում մեր թրքաադրբեջանասեր հոգիները: «Ասում ենՙ թուրքերը որ գան, սահմանները որ բացվեն, ձեթը 250 դրամ է դառնալու, սրտներիս ուզածի չափ ծովամթերք են բերելու-լցնեն Հայաստանի շուկաները, բոլ-բոլ առնենք, ուտենք, լվացքի փոշին կես գին է դառնալու, մենք էլ ազատ ելումուտ ենք ունենալու, գնացքը նստիրՙ ուղիղ Բաքուՙ ոնց որ սովետի ժամանկ»,- ասում է 45 տարվա մանկավարժը, որը յոթ թոռ ունի: Ասում է իր չափահաս ու անչափահաս յոթ թոռների ներկայությամբ, ու յոթից ոչ մեկի հոնքն անգամ չի շարժվում նրա ասածներից:

Սյունիքում, Գեղարքունիքում թշնամու դիրքերի առաջխաղացում, զենք-զինամթերքի կուտակումներ են նկատվում, վարդենիսցիները հայտարարում են. «Նիկոլի նման հրաշք ունենք, բա էլ ուրիշ ո՞ւմ պիտի ընտրենք: Էս ամեն ինչը Քոչարյանի ու Սերժի սարքածն է, որ Նիկոլին չընտրենք»:

Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ պետական սահմաններից ներս են մտել ու միջազգայնորեն ճանաչված մեր երկրում հայ զինվորներին նվաստացնում են, քաշքշում, հրելով տանում ու այդ ամենըՙ նկարահանված տեսանյութը, համացանցում տարածում, հայ տղամարդն ասում է. «Էնպես եք խառնվել, ոնց որ մեր բանակում տղերքին ոչ մեկը ոչ քաշքշել է, ոչ նվաստացրել, ոչ էլ հրելով տարել»: Եթե մեր երկրի սահմաններից ներս են մեր զինվորներին ռազմագերու պես վերաբերվում, ապա Բաքվի բանտերւմ մեր ռազմագերիների նկատմամբ իրականացվող ոճրագործություններից բողոքելու իրավունք ունե՞նք:

Երեւանյան սրճարաններում ու ռեստորաններում ասեղ գցելու տեղ չկա, զբոսայգիներում փափկասուն հանրությունը ճեմում է, սեթեւեթում, պաղպաղակ ուտում, արեւածաղկի սերմեր չրթում-թափում, խոսում վաղվա եփվելիք ճաշից, թխվելիք խմորեղենից, խմվելիք սուրճից: Այսօր էլ վատ չէր. կոտլետի աղն էր մի քիչ շատ եղել, մեկ էլ հալվայի շաքարը տեղը չէր:

Հանրապետության հրապարակին կից այգում տատը թոռների հետ նստած է: Վեց տարեկան թոռնուհին հարցնում է. «Էս ո՞ւմ արձան էՙ այսքան բարձր, տատ»: Տատը ծուլորեն աչքերը վեր է բարձրացնում ու պատասխանում. «Այ բալես, քեզ համար մեկ չի՞, հեծանիվդ քշիր էլի»:

Դրա համար էլ ադրբեջանցիները պահանջել են, որ Արցախի Մարտունիից Գարեգին Նժդեհի արձանը հանեն: Հաջորդիվ պահանջելու են, որ Մոնթեի արձանը հանեն: Նժդեհն էլ, Մոնթեն էլ մեզ համար շա՜տ-շատ են, շաքարըՙ շան բերանում:

Խանջյան փողոցի ամենաներքեւի հատվածում, որտեղ անգամ հետիոտնի անցումի վրա մեքենաները համարյա թե վրաերթ են անում քաղաքացիներին, երկու ձեռնափայտերի վրա հենվածՙ մոտ քսան տարեկան մի երիտասարդ է դանդաղ անցնում: Քրտինքի մեջ կորածՙ ջանում է հաշված վայրկյանների ընթացքում անցնել լայն փողոցը, որովհետեւ լուսացույցի կարմիր լույսը շուտով կվառվի: Այդ պահին պատուհանները մինչեւ վերջ իջեցրած սեւ «Մերսեդեսը» կանգնեց ձեռնափայտերով տղայից երկու սանտիմետր հեռու: Մեքենայի միջից հոխորտացող ռեփը «ջարդվեց» տղայի պրոթեզ-ոտքերի վրա:

Հերոս Աբգար Նազարյանի հայրըՙ քաղաքագետ Գեղամ Նազարյանը, Փաշինյանին քննադատող մեկնաբանություն է գրել ֆեյսբուքում: «Տղա ես կորցրել, գնա հանգիստ սուգդ սգա, Նիկոլի հետ գործ չունես»,- պատասխանել է երկու թոռներին գրկած պապիկը:

Սոցիալական ծրագրի հերթական փուլն իրականացնելու համար Ռուսաստանից մեկ ամսով Հայաստան եկած ռուս կոնսուլտանտներն անցել են Երեւանի, Գյումրու, Վանաձորի փողոցներով ու ապշել. «Ո՞վ կասի, թե Հայաստանը հետպատերազմական երկիր է: Մենք էլ կարծում էինքՙ ամեն քայլափոխի զոհված տղաների լուսանկարներ, հիշատակի վառվող մոմեր ու ծաղկեփնջեր ենք տեսնելու ձեր փողոցներում ու հրապարակներում: Կարծում էինքՙ տխուր, կարեկցող մարդկանց ենք տեսնելու, այնինչ սրճարաններում երաժշտություն է միացված, աղջիկներն ու կանայք երեկոյան ակտիվ շոփինգի են դուրս գալիսՙ բարձր ծիծաղելով, կատակներով: Վարսավիրանոցներում բոլոր աթոռները զբաղված են, սրճարաններումՙ նույնպես: Եվ դուք ասում եք, թե Հայաստանի սահմաններին նոր պատերա՞զմ է հասունանում: Դուք այս ամենն ի հեճուկս ադրբեջանցիների՞ եք անում, որ նրանք տեսնենՙ որքա՞ն թքած ունեք իրենց վրա»,- կապույտ աչքերը կլորացրածՙ արագ-արագ հարցնում է Նաստյան:

Ո՛չ, Նաստյա, այս ամենը մենք անում ենքՙ ի հեճուկս մեզ, մեր դարավոր հայրենիքի կորստի, Արցախի ու Հայաստանի համար զոհված մեր հերոսների, ի հեճուկս յոթ ամիս առաջ Արցախում ցեղասպանված մեր հազարավոր ջահել տղաների, ի հեճուկս ցավից ու վշտից քարացած նրանց սեւազգեստ մայրերի, ի հեճուկս մատների արանքով ավազի պես հոսող մեր կործանվող պետության ու պետականության փշրանքների:

«Արցախից պրծանք, Սյունիքից էլ որ պրծնեինք, մեր երեխեքը երեւի էլ բանակ չգնան: Մեծ տղաս դրսում էր, փող էինք հավաքել, որ բանակից ազատեինք, լավ է, համաներման տակ ընկավ, պրծանք: Փոքրս էլ երեւի չի ծառայի, Փաշինյանը բանակ-մանակ վերացրեց, պրծանք»,- կանգառի նստարանին նստածՙ ընկերուհուն պատմում է ոսկե վզնոցի ադամանդը շոյող շիկահեր երիտասարդ կինը:

Տեսնես Խանջյան փողոցը երկու ձեռնափայտերով, հեւիհեւ անցնող քսանամյա տղան հո չի՞ լսել այս շիկահեր կնոջը:

ՆԱԻՐ ՅԱՆ