Նաթանյահու․ Գազայից նոր հարձակումների դեպքում Իսրայելի պատասխանը շատ հզոր կլինի

76

Պաղեստինցի արմատականների կողմից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտմանը Իսրայելի պատասխանը շատ հզոր կլինի: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Երուսաղեմի վարչապետի աշխատասենյակում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ ելույթի ժամանակ:

«Եթե Համասը խախտի անդորրը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր», ասել է Իսրայելի վարչապետը: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ամերիկյան դիվանագիտության ղեկավարին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին ուժեղ աջակցության համար»:

«Ինչ վերաբերում է բուն ֆորմալ խաղաղությանը, [պաղեստինցիների հետ] խաղաղության հաստատմանը, նախագահ Բայդենը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ խաղաղություն հնարավոր չէ ձեռք բերել քանի դեռ Իսրայելը չի ճանաչվել որպես անկախ հրեական պետություն: Դա [հակամարտության լուծման] բանալին է», ավելացրել է նա։