Ղրիմի թաթարների աքսորի 77-րդ տարելիցին նվիրված գիտաժողով

71

Թուրքական “Անադոլու” համալսարանի կազմակերպած այս միջոցառումը խիստ զայրացրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովային

Մայիսի 22-ին “Անադոլու” համալսարանի “Թյուրքական աշխարհի կիրառական և հետազոտական” կենտրոնը կազմակերպել է “Ղրիմի թյուրքերն ու աքսորը” թեմայով գիտաժողով Ղրիմում, նվիրված թաթարների աքսորի 77-րդ տարելիցին: Թուրքական մամուլի տվյալներով այնտեղ  քննարկվել է Ղրիմի թաթարների 1944 թ. մայիսի 18-ին իրականացված “աքսորն ու դրան հաջորդող ցեղասպանությունը”: Միջոցառմանը զեկուցողի կարգավիճակով մասնակցել են վերոհիշյալ կենտրոնի տնօրեն պրոֆ. Քեմալ Փոլաթը, “Ղրիմի թաթարների ազգային մեջլիսում” Թուրքիայի ներկայացուցիչ Զաֆեր Քարաթայը, թուրքական “Օսմանգազի” համալսարանի դոկ. Էրշահին Այհունը և “Անկարայի սոցիալական գիտելիքների” համալսարանի դոկ. տիկ. Ֆիլիզ Թութքու Այդինը:

“Ղրիմի լրատվական գործակալությունը”, որի կայքից քաղել ենք այս նյութը, այլ տվյալների չի հաղորդում, հավանաբար գիտաժողովը դեռ շարունակվում է, որովհետև մասնակիցները Ղրիմի “բռնակցումը” Ռուսաստանին դատապարտող ընդհանուր որևէ հայտարարություն չեն ընդունել: Սակայն դա չի խանգարել ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որ նույն օրը բուռն հակազդեցությամբ արձագանքի գիտաժողովին և սպառնա Անկարային, թե “իրենք էլ ստիպված կհետաքրքրվեն Թուրքիայի Էթնիկ խնդիրներով”:

Հատկանշական է, որ Զախարովայի արձագանքին անդրադարձել են թուրքական ընդդիմադիր թերթերն ու լրատվամիջոցները: Նրանց վկայությամբ Զախարովան Ղրիմի թաթարների աքսորի 77-րդ տաելիցին արած հայտարարության համար նախազգուշացրել է նաև Թուրքիայի արտգործնապարարությանը: Նա խիստ կոնյուկտուրային է համարել թուրքական կառավարության  “Ղրիմի փոքրամասնություններին” առնչվող մտահոգությունները:

Զախարովան միաժամանակ հիշեցրել է Թուրքիայում առկա լեզվական, էթնիկ և կրոնական չլուծված խնդիրների առկայության մասին, որոնց ֆոնին “խիստ կասկածելի” է համարել այլ երկրների էթնիկ խմբավորումներին հովանավորողի այն դերը, ինչ Թուրքիան է ստանձնում, ավելացնելով, “Եթե Անկարան շարունակի պահպանել այս կեցվածքը, ապա Ռուսաստանը ստիպված կլինի ուշադրությունը կենտրոնացնել Թուրքիայի էթնլկ խնդիրների վրա ու հոտաքրքրվել երկրի ազգային փոքրամասնություններով: Ժամանայն է, որ թուրքական քաղաքականությունը վերջ տա էթնիկ գործոնը ի վնաս էթնիկ խմբավորումների իր աշխարհաքաղաքական նպատակների համար օգտագործելու գայթակղությունից”:

Գալով Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը, որը հրապարակել է խոսնակ Թանժու Բիլգիչը, ապա այնտեղ նշվում է. “1944 թ. մայիսի 18-ի գիշերը Ղրիմի մեր ցեղակից 250 հազար թուրք թաթարներ անմարդկային պայմաններում աքսորվել են իրենց հայրենի հողերից: Թուրք թաթարների զգալի մասն աքսորի ճանապարհին ոչնչացվել է, իսկ մնացածը՝ տառապել հայրենիքի կարոտով: Թուրքիան աքսորից 77 տարի անց շարունակում է լինել իր ցեղակիցների կողքին, որպեսզի վերջիններս ի վիճակի լինեն հաղթահարել ապօրինի բռնակցումի պատճառած դժվարություններն, ինչպես նաև պահպանել իրենց մշակույթն ու ազգային ինքնությունը”: