«Ես չեմ պատկերացնում և չեմ էլ ուզում պատկերացնել, որ նման բան կարող է լինել». Դավիթ Բաբայան

122

Ադրբեջանի նախագահը կրկին անհասկանալի հայտարարություններով է հանդես եկել։ «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացումներ և համագործակցություն» թեմայով քննարկումների ժամանակ Ալիևն ասել է, որ Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները:

«Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ ազատ առևտուր իրականացնել: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ ճանաչի Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք սպասում ենք գործողությունների հայկական կողմից»,- հայտարարել է Ալիևը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց, որ Արցախը երբեք չի եղել և չի էլ լինելու Ադրբեջանի մաս։

«Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակ մեզ համար անընդունելի է, սա պարզ է։ Մենք տեսանք՝ Արցախի 80 տոկոսը և պատմական Ղարաբաղի 90 տոկոսը Ադրբեջանի օկուպացիայի տակ է, տեսնում ենք՝ ինչպիսի իրավիճակ է այնտեղ՝ որևէ հայ չի մնացել, անգամ հայկականության որևէ հետք չեն թողնում։ Սա՛ է Ադրբեջանի քաղաքականությունը և գերնպատակը, և բոլորովին պետք չէ պաշտպանել գիտական թեզ, որպեսզի ցույց տանք իրականությունը։ Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև դա մեզ համար ցեղասպանություն է լինելու»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ Ալիևն ասում է, թե իբր Արցախում ապրում է 30.000 հայ, մինչդեռ 150.000 է, այսինքն՝ Ադրբեջանի նպատակն Արցախում սկզբի համար մաքսիմում 10.000 հայ թողնելն է՝ որպես թանգարանային նմուշ, այնուհետև պարզից էլ պարզ է՝ նրանց կա՛մ կկոտորի, կա՛մ կձուլի։

«Ասեմ, որ Ալիևը ոչ մի նոր բան չի ասում, որևէ տարօրինակ բան չի ասում, քանի որ սա այն քաղաքականությունն է, որն Ադրբեջանն արդեն վարում է տասնամյակներ շարունակ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Նա նաև հավելեց, որ Ալիևի հայտարարությունների հետ կապված ՀՀ արտգործնախարարությունը տարածել  է բավականին կարևոր հայտարարություններ, հետևաբար՝ այդ համատեքստում Հայաստանի արտաքին գերատեսչությունն իր պարտականությունները կատարում է բավականին պատշաճ ձևով։

Ինչ վերաբերում է Արցախում ընդհանուր իրավիճակին, արտգործնախարարը փոխանցեց, որ իրավիճակը կայուն է և վերահսկելի։

«Ադրբեջանի քաղաքականությունը պարզ է ու պրիմիտիվ, այսինքն՝  նրա նպատակն Արցախում ժողովրդի մեջ վհատություն սերմանելն է։ Փորձում է այնպիսի բարոյահոգեբանական իրավիճակ ձևավորել, որ մարդիկ զգան, որ այստեղ ապահով չէ, և արդեն հասկանալի է, չէ՞, թե սրա հետևանքներն ինչպիսին կլինեն։ Այսինքն՝ փորձում են նման ձևերով խթանել արտագաղթին, ամեն ինչ անեն, որպեսզի այստեղ հայ չմնա՝ միաժամանակ խարխլելով հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։ Թշնամին ֆեյքերով կեղծ լուրեր է տարածում, թե այդ ամենը ռուսների հետ են անում, դրանով փորձում են հասնել նաև աշխարհաքաղաքական նպատակների»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Որքանո՞վ են հայ-ադրբեջանական սահմանում թշնամու կողմից հրահրած սադրանքները կապված Արցախի հիմնախնդրի հետ՝ հարցին Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ թշնամին շատ լավ գիտի, դժբախտաբար, երբեմն ավելի լավ  է պատկերացնում Սյունիքի ու Արցախի տեղն ու դերը հայկական պետականության համար, քան որոշ ազգեր։

«Թշնամին ամեն ինչ անում է, որպեսզի նույն իրավիճակը ձևավորի նաև Սյունիքում, մարդկանց հոգեբանորեն ընկճի, ազգի մեջքը ջարդի։ Իսկ եթե չլինեն Արցախն ու Սյունիքը, չի լինելու հայությունն առհասարակ և հայոց պետականությունը։ Հետևաբար, նպատակը մարդկանց վհատեցնելն ու Սյունիքը, Արցախը ոչնչացնելն է։ Դրանից հետո պարզ է, որ եթե հայոց պետականությունը նույնիսկ գոյություն ունենա, լինելու է վիլայեթատիպ մի բան՝ իրենցից կախված»,- նշեց Դ. Բաբայանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստվում է  Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրել, որը, տարբեր փորձագետների կարծիքով՝ հակահայ է, և հարցին՝ այն որքանո՞վ է առնչվում Արցախին, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Այդ փաստաթղթին ծանոթ չեմ, սակայն կրկնում եմ՝ որևէ մեկը, ՀՀ որևէ ղեկավար չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ես չեմ պատկերացնում և չեմ էլ ուզում պատկերացնել, որ նման բան կարող է լինել»։

168.am