Կյանքը ցույց տվեց, որ մասնավորի մուտքը առղջապահաության ոլորտ ճիշտ որոշում էր․ Ռոբերտ Քոչարյան

64

Ռոբերտ Քոչարյանի՝ առողջապահության ոլորտի մասնագետների հետ հանդիպումից. «Երբ նախագահ դարձա Հայաստանում, առողջապահության համակարգն ամբողջությամբ պետական էր, մի քանի փոքր սեգմենտ կիսամասնավոր էր։ Երբ սկսում էինք բարեփոխումները, փորձեցինք ուսումնասիրել աշխարհի լավագույն փորձը, ընտրում էինք երկրներ, որոնք համաչափ են մեր բնակչության և տարածքի առումով։ Որոշեցինք որդեգրել երկու սկզբունք։ Նախ, որոշեցինք ֆինանսավորել հիվանդին, այլ ոչ թե հիվանդանոցը։ Երկրորդ, հիվանդն իրավունք ուներ ընտրել իր բժշկին։ Այս երկու սկզբունքների վրա էր կառուցվում բարեփոխումների ամբողջ փաթեթը։ Սկզբում ՀՀ բյուջեն շատ փոքր էր, 400-500 մլն դոլարի չափով, պետպատվերի շրջանակում բուժվող հիվանդությունների ցանկը շատ փոքր էր, գումարը՝ շատ ավելի փոքր: Բյուջետային միջոցների ավելացմանը զուգահեռ այդ նպատակների համար հատկացվող գումարը նույնպես ավելանում էր։ Հասկանալի էր, որ բյուջետային միջոցների բաշխումն իր հետ բերում էր նաև կոռուպցիոն ռիսկեր, որովհետև հիվանդը որոշում է ուր գնալ մինչև որոշակի աստիճան։ Դրանից հետո պարզվում է, որ մի հիվանդանոցում պետպատվերը սպառվել է, մյուսում չի սպառվել։ Սկսվում են կոռուպցիոն ռիսկերի դրսևորումներ, և որքան հասկանում եմ, այդ երևույթը մինչ օրս էլ մնացել է։ Ոչ թե մեր գաղափարն էր սխալ, այլ այն մրցակցությունը, որը պետք է ձևավորվեր ոլորտում այդ քաղաքականության շնորհիվ, զսպվում էր այդ կարգի միջամտություններով։ Սրան զուգահեռ, որոշեցինք ունենալ նաև և մասնավոր, և պետական հատված։ Հիվանդանոցների մի մասը մասնավորեցվեց։ Ծանր որոշում էր։ Մտածում էինք՝ ինչ արդյունք կտա սա։ Հիվանդանոց այցելելիս տեսնում էի և՛ շենքային պայմանները, և՛ տեխնիկական հագեցվածությունը, հասկանում էի, որ առանց մասնավոր ներդրումների հնարավոր չէ առաջ շարժվել։ Փորձեցինք համատեղել պետականն ու սեփականը։ Գաղափարն այն էր, որ մրցակցությունը մի ընդհանուր մոդելի բերվեր։ Եթե համակարգում եղել են կոռուպցիոն դեպքեր, դրանք պարտադիր պետք է բացահայտել։ Կոռուպցիոն գործարքները չբացահայտելը նշանակում է՝ խրախուսել նման գործարքներ ներկայի և ապագայի համար։ Այո՛, պետք է բացահայտել և մեղավորներին պատժել։ Բայց ոչ այնպես, ինչպես անում են վերջին երեք տարում, երբ բոլորին ուղղակի, առանց որևէ հիմքերի անվանում են գող, ավազակ, հատկապես եթե նրանց քաղաքական հայացքները չեն համընկնում իշխող թիմի հայացքների հետ»։