Ընտրությունը լինելու է Ալիևի և հայ ժողովրդի միջև․ Արագած Ախոյան․ «Հրապարակ»

74

«ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, որը Նիկոլ Փաշինյանի մոլի քննադատներից է և մինչև վերջերս ջավախքցի Վահագն Չախալյանի հետ «Կամք» նախաձեռնության շրջանակում տարատեսակ ակցիաների էր մասնակցում՝ հանուն ազգային արժեքների պահպանման, առաջիկա ընտրություններին սատարելու է Ռոբերտ Քոչարյանի ձևավորած «Հայաստան» դաշինքին։ Մինչդեռ նրա ընկեր Չախալյանն էլ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ «Զարթոնք» կուսակցությունն է հիմնել

– Ինչո՞ւ հենց «Հայաստան» դաշինքին, պարոն Ախոյան։

– Այսօր միակ ուժն է, որը հավատ է ներշնչում ինձ մոտ։ Իհարկե, մնացածը թող չնեղանան, բայց, համենայնդեպս, ինձ շատ հոգեհարազատ է, և ես կարծում եմ, որ լիդերն է նաև ընդդիմության, նկատի ունեմ՝ Ռոբերտ Քոչարյանին, ու մենք պետք է օգնենք, որպեսզի ազատվենք այս իշխանություններից, քանի որ այլ ճանապարհ չունենք։

– Իսկ Դուք այլ ուժերի հետ էլ չե՞ք բանակցել՝ ՀՀԿ-ի, Վանեցյանի․․

– Չէ, չեմ բանակցել։ Բոլորին էլ հարգում եմ, բայց ոչ։

– Դուք Վահագն Չախալյանի հետ էիք, միասին շարժում էիք ձևավորել, պայքարում էիք, ինչպե՞ս ստացվեց, որ առանձնացաք։ Հիմա Չախալյանն Արա Զոհրաբյանի հետ է կուսակցություն հիմնել։

– Չախալյան Վահագնը իմ շատ լավ ընկերն է, և մենք «Կամքի» ֆորմատով էլի կհամագործակցենք, բայց քաղաքական ճանապարհ ես որոշել եմ, որ չանցնեք։ Թե ինչու, դա էլ արդեն ես գիտեմ դրա պատասխանը։ Բայց մենք միշտ լինելու ենք այն սահմանապահը և կտրելու ենք այն ձեռքերը, որը որ փորձ կանի մեր ավանդական արժեքներին դիպչի։

– Կարծում եք՝ Ռոբերտ Քոչարյանը շանս ունի՞ իշխանության գալու և Փաշինյանին հեռացնելու։

– Ուրեմն, ես ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ դա էդպես է լինելու։ Եվ այլ ելք չկա։

– Այդ վստահությունը որտեղի՞ց, մարդ ես, մեկ էլ տեսար՝ Նիկոլ Փաշինյանը բարձր տոկոսներ հավաքեց և մնաց իշխանության, ի՞նչ է լինելու դրանից հետո։

– Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինելու։ Ես ուսումնասիրել եմ, և մենք գիտենք, մենք վստահ ենք, շփվում ենք ազգաբնակչության հետ, հասկանում ենք, թող էդ կեղծ տպավորությունները, որը հաճախ փորձում են ձևավորել փողոցային հարցումներով, ուրեմն, իմացեք՝ մեր ազգաբնակչության գիտակից մասսան, որոնք լուռ են և չեն արտահայտվում, ընտրելու են Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ էն՝ ինձ համար ոչ ընդունելի մասսան, որ անգրագետ է, տգիտությանը չափ չունի, որոնց երակներում էդ թույնն էնքան արմատացած է, որ կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը փրկիչ է, էդ մարդիկ, իհարկե, քիչ տոկոս են կազմում։ Էդ մանիպուլյացիաները, էդ գառ մորթելը, էդ կապիկությունները, էժան բեմադրությունները, որոնք կազմակերպում են, դրանք ընդամենը փոքրիկ շոուներ են, ոչինչ չասող բաներ են, որոնք չեմ կարծում՝ ինչ-որ ազդեցություն կունենան, կամ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է՝ վերարտադրվի։ Չկա տենց բան։

– Իսկ մյուս ուժերին ո՞ր մասսան է ձայն տալու, օրինակ՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, ԲՀԿ-ին, «Լուսավորին»։

– Ուրեմն, գիտե՞ք ոնց է, էսպես մի բան կա, այսօր ընտրությունը լինելու է Ալիևի և հայ ժողովրդի միջև։ Կրկնում եմ՝ Ալիևի և հայ ժողովրդի միջև։ Մնացած բոլորը, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանին, դա հայ ժողովուրդն է, իսկ նրանք, ովքեր ձայն են տալու Նիկոլ Փաշինյանին, դա Ալիևի ընտրությունն է։ Մնացածը թող իրենք որոշեն, սա իմ կարծիքն է։ Բոլորին հաջողություն եմ ցանկանում, բացի Նիկոլ Փաշինյանից։

– Իսկ ի՞նչ ձևաչափով եք աջակցելու «Հայաստան» դաշինքին։

– Ինչ հնարավորություն ունեմ, աջակցելու եմ, և՛ գաղափարական, և՛, բնականաբար, օգնելու եմ մարդկանց, ազգաբնակչությանը, բացատրական աշխատանք եմ տանելու, այսինքն՝ էն, ինչ կարելի է օրենքի սահմաններում։ Եվ, որպես ակտիվ քաղաքական գործիչ, ես էլ ունեմ իմ լսարանը, որոնք ինձ ընդունում են, որոնց մոտ ունենք հեղինակություն, նրանց հետ կզրուցենք, և, բնականաբար, մեր կարծիքը հաշվի կառնեն ու ճիշտ կկողմնորոշվեն։

– Իսկ իշխանության գալուց հետո դաշինքից որևէ ակնկալիք ունե՞ք, օրինակ, պաշտոնի։

– Չէ, անկեղծ եմ ասում, ոչ մի բան չեմ ուզում, ո՛չ պետական պաշտոն եմ ուզում, ո՛չ պատգամավոր եմ ուզում, ոչինչ չեմ ուզում։ Ուզում եմ, որ մեր երկիրը խաղաղվի, ուզում եմ, որ մեր երկրի սահմաններն ամուր լինեն, ուզում եմ, որ մեր ազգից գողացված խարիզման, մշակույթը վերադարձվի մեր ազգին։ Ուզում եմ, որ մեր արժեհամակարգը հնարավորինս վերականգնենք, որը պղծվել է էս երեք տարիների ընթացքում։ Ուրիշ բան չեմ ուզում, դա է իմ ակնկալիքը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։