Միջին վիճակագրական մարդը սկսում է չհավատալ ՈՉ ՈՔԻ.Արփինե Հովհաննիսյան

57

Մի քանի օր է` հետևում եմ Սյունիքի շուրջ իրականում և ֆեյսբուքում ծավալվող իրադարձություններին: Առանձնացնեմ մի քանի փաստ ու դիտարկում.

1. Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր:

2. Իշխանությունը ունակ չէ, իսկ հաճախ` ցանկություն էլ չունի ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հայաստանը հալվում է շոգին արևի տակ մնացած պաղպաղակի պես:

3. Իշխանության ու նրա պարագլխի լռությունը կամ մերթընդմերթ արվող անպտուղ պոռթկումները ակնառու են դարձնում, որ իրենք կամ իրավիճակին չեն տիրապետում կամ իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակը այնքան վատն է մեզ համար, որ պատեհ պահի են սպասում կամ ընդդիմության որևէ սխալի, որ շեղեն:

Իշխանություն/ընդդիմություն ֆեյսբուքյան և հեռուստատեսային տեղեկատվական մարտերի ֆոնին չափազանց կարևոր է ՀՀ շարքային ու ոչ այնքան տեղեկացված քաղաքացու վստահությունը շահելը:

Ընդդիմությունը մի ուժեղ գործիք ունի` անգամ նվազագույն չափազանցություն, մանիպուլյացիա թույլ չտալ: Իշխանական խունտան դա է ցանկանում: Նրանք դա են վաճառում իրենց լսարաններին: Դասական կիսաճշմարտությունները նախկին արդյունավետությունը չեն կարող ունենալ: Միջին վիճակագրական մարդը սկսում է չհավատալ ՈՉ ՈՔԻ:

Դրանից շահում է իշխանությունը: Ասում եմ սա որպես այս ոլորտը երկար ժամանակ ուսումնասիրող ու հենց այս թեմայով միայն նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 300 երիտասարդների հետ հանդիպած մարդ: Ամենազգայուն թեմաներով այս օրերին պետք է լինել ճշգրիտ ու շահել մարդկանց վստահությունը:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։