Մեղադրանք է առաջադրվել բժշկին. նա հարվածել է 4-ամյա երեխայի՝ պատճառելով փակ գանգուղեղային վնասվածք. ՔԿ

47

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկի կողմից չորսամյա տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 4-ամյա փոքրիկին, որն ի ծնե ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիր, 2021թ. մարտի 17-ին ծնողները տարել են «Նորք Մարաշ» ԲԿ մանկական սրտաբանական կլինիկա՝ բժիշկ-սրտաբանի մոտ հետազոտության:

Նշված օրը երեխան անհանգիստ է եղել եւ կենտրոնում չի ենթարկվել բժշկին ու մորը: Բժիշկը, երեխային հանդարտացնելու եւ հանգստացնելու նպատակով, դիտավորությամբ ապտակել է նրան՝ պատճառելով առողջության կարճատեւ քայքայումով թեթեւ վնաս՝ դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքի ձեւով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ: