Իրանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցումը, իսկ թեկնածուների ցանկից դատելով՝ հիմնական պայքարը ընթանալու է Էբրահիմ Ռաիսիի և Ալի Լարիջանիի միջև

39

Եթե մինչ նախագահի թեկնածուների գրանցումը խոսվում էր, որ երկրի երկու հիմնական քաղաքական ուղղությունները՝ պահպանողականները և բարեփոխիչները, համախմբվելու են և ներկայացնելու մեկական թեկնածուի, ապա թեկնածուների ներկա ցանկը ցույց է տալիս, որ այս ուղղությունները միասնական թեկնածուների շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել։
Իրանի դատական համակարգի ղեկավար Էբրահիմ Ռաիսին համարվում է գալիք ընտրությունների հիմնական ֆավորիտներից մեկը և, հավանաբար, ծայրահեղ պահպանողականների (جبهه پایداری ) ու պահպանողականների մի մասի նախընտրելի թեկնածուն, թեև ինքը հայտարարել է, որի չի հարում որևէ քաղաքական կազմավորման։ Ռաիսիի հաղթաթուղթը կարող է լինել այն, որ որպես դատական համակարգի ղեկավար նա բավական լավ է աշխատել և հասարակության շրջանում որոշակի դրական համբավ ունի, ինչպես նաև բավական մեծ հարգանք է վայելում հոգևորականության շրջանում։ Մյուս կողմից, սակայն, վերջինիս կարող է խանգարել այն հանգամանքը, որ վերջին նախագահական ընտրություններում նա պարտվել է Իրանի ներկայիս նախագահ Ռուհանիին, քանի որ հայտնի փաստ է, որ ԻԻՀ պատմության ընթացքում մեկ անգամ պարտված թեկնածուն հաջորդ ընտրություններում երբեք չի հաղթել։ Պետք է նաև նշել, որ Սաիդ Ջալիլիի կողմից նախագահական ընտրություններին գրանցվելը նույնպես, խանգարել է Ռաիսիին դառնալ պահպանողականների հիմնական թեկնածուն։

Գալիք ընտրություններում Ռաիսիի գլխավոր մրցակիցը ԻԻՀ մեջլիսի նախկին ղեկավար Ալի Լարիջանին է, ում հաղթանակի շանսերը ներկա պահին նույնիսկ ավելի գերադասելի են քան Ռաիսիինը։ Նախ, հավանաբար Լարիջանիին սատարելու են Իրանի հիմնական քաղաքական ուղղություններում ներկայացված ազգայնականները (جریان ملی گرای), քանի որ ամենայն հավանականությամբ Լարիջանիի նախընտրական շտաբը գլխավորելու է Ռուհանիի նախկին խորհրդական Հեսամոդդին Աշնան։ Երկրորդ, Զարիֆի սկանդալային ձայնագրությունից հետո բարեփոխիչների հիմնական թեկնածու դարձած Էսհաղ Ջահանգիրին հավանաբար նախընտրական քարոզարշավի ժամանակ իր վրա է վերցնելու Ռուհանիի կառավարության քաղաքականությունից դժգոհ հատվածի քննադատությունը՝ այն շեղելով Լարիջանիից։ Եթե Լարիջանիին հաջողվի նաև ստանալ զինվորականության մի մասի՝ հատկապես ԻՀՊԿ ազգայնականների աջակցությունը, ապա հաղթանակի ավելի մեծ հնարավորություններ կունենա։

Զինվորականության թեկնածուները՝ հատկապես Սաիդ Մոհամմադը և Հոսեին Դեհղանը, չնայած լուրջ աջակցություն ունեն, սակայն նրանց հնարավորությունները ևս չնչին են՝ վերոնշյալ երկու թեկնածուների հետ պայքարելու համար, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանի ընտրական ավանդույթում զինվորական թեկնածուի հաղթանակ երբևէ չի գրանցվել, իսկ հգևորական ղեկավարությունը մշտապես խուսափել է զինվորականության ներկայացուցչին նաև նախագահի լիազորություններ տալ։

Ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք ուժեղ թեկնածուների մեծ քանակը և այն հանգամանքը, որ Իրանի Հոգևոր առաջնորդը դրական վերաբերմունք ունի և՛ Ռաիսիի, և՛ Լարիջանիի հանդեպ, ապա ամենայն հավանականությամբ ընտրությունները տեղափոխվելու են երկրորդ փուլ:

✒️Գարիկ Միսակյան