Հայտնի է դարձել ԱՄՆ 60 հազարանոց գաղտնի բանակի մասին

118

Վերջին տասնամյակում Միացյալ Նահանգները ստեղծել է գաղտնի բազմահազարանոց բանակ, որի անդամները տարբեր խնդիրներ են իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Այս մասին հայտնի է դարձել Newsweek հրատարակությանը երկամյա լրագրողական հետաքննությունից հետո:

Ըստ ամերիկյան թերթի՝ ընդհանուր առմամբ, գաղտնի ցանցը ներառում է առնվազն 60 հազար մարդ, մինչդեռ այդպիսի գործակալների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել: Ծրագրում ներգրավված են շուրջ 130 մասնավոր կազմակերպություններ, ինչպես նաև տասնյակ՝ քիչ հայտնի և գաղտնի պետական կազմակերպություններ:

Newsweek-ի գնահատմամբ՝ տարեկան ավելի քան 900 միլիոն դոլար է ծախսվում գաղտնի բանակի սպասարկման վրա: Այս միջոցներն օգտագործվում են, մասնավորապես, ենթադրյալ անուններով գործող գործակալների համար կեղծ փաստաթղթեր կազմելու, նրանց անունից հաշիվներ և հարկեր վճարելու և հատուկ հետևող սարքեր ու քողարկման սարքավորումներ ստեղծելու համար:

Նշվում է, որ գաղտնի ցանցի բոլոր աշխատակիցների մոտ կեսը հատուկ գործողությունների ուժերի գործակալներ են: Նրանցից ոմանք աշխատում են պատերազմական գոտիներում, օրինակ՝ Պակիստանում և Արևմտյան Աֆրիկայում, հետևում են ահաբեկիչներին, բայց առավել հաճախ նրանց ծառայություններից օգտվում են Միացյալ Նահանգների համար ոչ բարեկամ երկրներում առաքելություններ իրականացնելու համար․ օրինակ՝ Իրանում և Հյուսիսային Կորեայում: Գաղտնի բանակում ընդգրկված են նաև ռազմական հետախուզության մասնագետներ, որոնք քողարկված են աշխատում տարբեր երկրներում:

Բացի այդ, ըստ թերթի, գաղտնի ցանցի շրջանակներում կան  կիբերանվտանգության և հետախուզության հազարավոր մասնագետներ: Այս ստորաբաժանման անդամները զբաղվում են ամբողջ ցանցի անվտանգությամբ, օգնում են թաքցնել տեղեկատվությունը Պենտագոնի գաղտնի առաքելություններին մասնակցող բոլոր մարդկանց և կազմակերպությունների մասին:

Այսպիսով, նշում է Newsweek-ը, Պենտագոնի համար աշխատող լրտեսները գործում են նույն կերպ, ինչպես Ռուսաստանի և Չինաստանի գործակալները, որոնց պաշտոնական Վաշինգտոնը պարբերաբար մեղադրում է նման գործողություններ իրականացնելու մեջ: