Աբսուրդ է. Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ.Էլինար Վարդանյան

52

Հունիսի 20-ին մենք գնում ենք ոչ սովորական ընտրությունների։ Սա հերթական ընտրություն չէ, հանդարտ քարոզարշավով, ավելի լավ կամ վատ ծրագրով, նախընտրական խոստումներով։ Երբ պետությանդ մի մասը կորցրել ես, իսկ թշնամին «պրոմենադ» է անում քո տարածքում, սովորական ընտրության մասին խոսք լինել չի կարող։

Սա արտակարգ իրավիճակի ընտրություն է։ Սա ճակատագրական ընտրություն է։ Մենք այս ընտրությամբ որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը։ Բառերս ամենևին ուռճացված չեն։ Մենք կատարելու ենք պարզ ընտրություն՝ ունենալ պետություն և պետականություն, թե թույլ տալ երկիրը տանել կործանման։

Սովորական պայմաններում ընտրությունը ծրագրերի և ծրագրային առաջարկների միջև պետք է լինի։ Բայց այսօր,արտակարգ իրավիճակի ռեժիմում դրանք երկրորդական են։
Կամ մենք կհաղթահարենք արտակարգ իրավիճակը, կփրկենք երկիրը, կամ մեր լուռ համաձայնությամբ երկիրը կթողնենք այն կործանման եզրին հասցնողներին։

Ճգնաժամը, որում հայտնվել ենք այսօրվա անկարող իշխանությունների պատճառով ժամ առ ժամ խորանում է, և ամեն հաջորդ օրվա զարգացումները պարզ ցույց են տալիս, որ հետևանքները կարող են անվերականգնելի լինել։ Սյունիքի և Գեղարքունիքի տարածքային ոտնձգությունները դրա բացահայտ օրինակն էին։ Ուրեմն մեզ մնում է ընտրել 911-ը։ Քոչարյանը հայտ է ներկայացրել լինել այդ 911-ը։ Նրանից կան շատ պարզ սպասելիքներ՝ խաղաղություն և կայունություն։ Մնացածը դառնում է անկարևոր։

Հունիսի 20-ը սովորական ընտրություն չէ։ Բայց ընտրություններից մեկ ամիս առաջ ժողովուրդը չի հասկանում սրա կարևորությունը։ Չի հասկանում ընտրության և իր ապագայի միջև կապը։ Չի հասկանում, որ Հայաստանը փլուզվում է։ Ուրեմն փոխել է պետք քարոզարշավի ողջ տրամաբանությունը, փոխել է պետք պայքարի ողջ տրամաբանությունը, փոխել է պետք աշխատելու գործիքները։

Այս ընտրությունը պետք է լինի արտակարգ իրավիճակի լիդերի ընտրություն։ Լիդեր, որը կներկայացնի հակաճգնաժամային ծրագիր, որն ուղղված կլինի խաղաղությանը, երկրի կայունացմանը, կկանխի մի գիշերվա մեջ մեր երկրի տարածք մի քանի կիլոմետր թշնամու առաջխաղացման հնարավորությունը, կստեղծի արժանապատիվ ապրելու հնարավորություն։ Այսպիսին են հանրային բնական պահանջները։

Իսկ նախընտրական քարոզարշավի ստանդարտ ծրագրերը ուրիշ ժամանակների համար են։ Հաղթահարենք ճգնաժամը, փրկենք երկիրը և հաջորդ ընտրություններին առաջնորդվենք դետալային ծրագրերի տրամաբանությամբ։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ