«Ռուսաստանը ցանկանում է կլոնավորել հին սկյութական ռազմիկներին»․ Daily Mail

92

Ռուսաստանում, ըստ ամենայնի, ցանկանում են կլոնավորել սկյութացի մարտիկներին․ այսպիսի եզրահանգման է եկել բրիտանական Daily Mail պարբերականը՝ հիմնվելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Ռուսական աշխարհագրական ընկերության հոգաբարձուների նիստի ընթացքում արված հայտարարության վրա:

Սկյութները ապրել են Սև ծովի հյուսիսային ափերին՝ մ․թ․ա․ 7-րդ դարից մինչև մ․թ․ա․ 3-րդ դարը։ Սկյութացի զինվորների քաջության ու դաժանության մասին պատումները հասել են մինչև մեր օրեր և արձանագրվել բազմաթիվ աշխատություններում։

Տափաստաններում բնակվող այս զինվորների համար ձին նույնն էր, ինչ անապատի բնակիչների համար ուղտը։ Սկյութները գերազանց ձիավորներ էին՝ առաջին թամբ ու ասպանդակ օգտագործողներից։ Նրանք ուտում էին ձիու միսը, խմում զամբիկների կաթը և նույնիսկ զոհաբերություններ կատարելիս ձիեր էին մատուցում։ Երբ սկյութ զինվորը մահանում էր, նրա ձիուն սպանում էին և պատվավոր կերպով թաղում՝ իր ողջ տոնական հեծելասարքով։

Ըստ պատմիչ Հերոդոտոսի՝ սկյութները սադիստական սովորույթներ ունեին։ Օրինակ՝ իրենց զոհերի գլուխները գավաթի տեղ էին օգտագործում կամ մրրիկի նման ասպատակելով՝ թշնամիներին «հնձում» երկաթե թրերով, սակրատեգերով, նիզակներով և մարմինը պատառոտող ատամնավոր նետերով։

Մինչ այժմ միանշանակ պատասխան չկա այն հարցին, թե ինչն է պատճառ դարձել սկյութների հանկարծակի անհետացմանը։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ թուլացնելով հարստանալու ձգտումը՝ նրանք մ.թ.ա. առաջին և երկրորդ դարերում կործանվեցին Ասիայից եկած քոչվորների մի նոր խմբի՝ սարմատների կողմից։

Ոմանք էլ ասում են, թե իրենց անկումը սկյութական ցեղերի միջև սկսված պայքարի հետևանքն է եղել։ Մինչդեռ այնպիսի կարծիք էլ կա, թե կովկասյան օսերի մեջ կարելի է հանդիպել վերապրած սկյութների։ Ամեն դեպքում, անցյալի այս խորհրդավոր ժողովուրդը զգալի հետք թողեց մարդկության պատմության մեջ՝ «սկյութներ» անվանումը դարձնելով «դաժանություն» բառի հոմանիշը։

Սկյութացի ռազմիկների մնացորդները գտնվում են Ռուսաստանի կազմում գտնվող Տիվայի հանրապետության տարածքում՝ Տուննուգ բլուրում (Туннуг): Այն շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող դամբարանադաշտ է։

Վերջերս Ռուսական աշխարհագրական ընկերության հոգաբարձուների նիստի ընթացքում Սերգեյ Շոյգուն առաջարկեց օգտագործել սկյութացի ռազմիկների մնացորդները՝ արժեքավոր կենսաբանական նյութեր ձեռք բերելու համար: Նախարարը ուղղակիորեն չի խոսել հին ռազմիկներին կլոնավորելու և «վերակենդանացնելու» նպատակների մասին, բայց ակնարկել է, որ այս ուղղությամբ աշխատանքները դիտվում են որպես «շատ հետաքրքրական»։ «Շատ լավ կլինի, որ գտնվեն օրգանական նյութեր: Ինչը կհետևի դրան, կարծում եմ, հասկանում եք»,- ասել է նախարարը։ Շոյգուն անդրադարձել է նաև Դոլլի գառնուկի կլոնավորման օրինակին։

Դոլլին աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունն է։ Երբ 25 տարի առաջ նախաձեռնվեց դրա կլոնավորումը՝ կենսունակ օրգանիզմ ստեղծելու համար պահանջվեց 277 անհաջող փորձ: Բայց այսօր Կորեայում և Չինաստանում կենդանիների կլոնավորման ծառայությունները տարածված են: Ժամանակակից գիտության տեսանկյունից մարդու կլոնավորումը պարզապես շատ ավելի աշխատատար գործընթաց է, բայց՝ միանգամայն իրականանալի: Խնդիրն այստեղ երևույթի էթիկական կողմն է։

Նշենք, որ ըստ Daily Mail-ի, ռուս փորձագետներն արդեն կարող են սկսել մարտիկների, ինչպես նաև՝ նրանց ձիերի կլոնավորման գործընթացը, որոնց մնացորդներն արդեն հայտնաբերվել են Տուննուգում:

Երբ լրագրողները կամ նույնիսկ գիտնականները խոսում են կլանավորման մասին, շատերը թերահավատորեն են վերաբերում դրան, սակայն առաջատար բժշկական տեխնոլոգիաներ ունեցող գերտերության պաշտպանության նախարարի կողմից հնչեցրած ակնարկներին պետք է լուրջ վերաբերել։ Եվ չնայած ժամանակակից աշխարհում հին սկյութների հայտնվելուց ուղղակիորեն օգուտ չկա, սակայն կենսագենետիկայի այս ուղղության զարգացումը շատ հեռանկարային է թվում:

Արամ Խաչատրյան