Արժե՞ արդյոք վստահորեն թավշյա բարձերի վրա դանթել

138

   Խեղդող է օդը անորոշության գաղջով լցված։ Այս մթնոլորտում չէր դիմանա  ամենափորձառու սուզվողն անգամ։ Մեր երկրում ամեն շնչին մի լրատվամիջոց է հասնում, բայց արի ու տես՝ գրեթե սին, մտացածին, տեղ-տեղ ճշմարտազուրկ, և լուրը, որ անցնում է մարզից մարզ, քաղաքից քաղաք, բակից բակ, մտնում տնից տուն, իհարկե, մտնելով մարդկանց ականջները՝ խեղվելով ու տձևանալով… Ինչևէ։ Սա հարցի մեղսական այլ կողմերից է։ Ուրիշ է լրատվության զավթումը, իրացումը, և խեղումը անբնական ճանապարհով։ Մարդիկ, ովքեր ունեն որոշակի ռեսուրսներ (իշխանական) և իբրև թե երկու ձեռքով կողմ են, որ լուրն անարգել շրջի հասարակության մեջ՝ շղթայում են տեղեկությանը։ Սա թափանցիկ բռնություն է, որն իրականացվում է հարսնաքողի պես սպիտակ «կոծկումով»։ Եղավ ճշմարիտ տեղեկության արտահոսք, որ փորձ արվեց պետական մակարդակով հերքելու, պլոմբելու, բայց դե… թիվն ուրիշ է… Հետո, երբ «ծերակույտը» գլխիկոր հաստատեց իր ողորմելի վարչակազմով համակված՝ լռեցին ինֆորմացիա խեղողները՝ կեղծէջային ստրուկները։

   Չի լինում զսպվել և չխոսել այս խղճուկ, մուրացիկ և ճիպոտահար իշխանության գործողություններից, որոնք սոսկ ջրախեղդի անկանոն շարժումներ են։ Նրանք, որ ամենուրեք վստահաբար հոխորտում էին «սուվերե՜ն, սուվերե՜ն», ու մանկան պես ապահով վեր-վեր էին թռչկոտում, ինչների՞ վրա էին «սուվերեննի»։ Քանի դեռ քթներիդ թակ ծաղկում ու պլոկվում է թուրանական թունավոր ալիքը՝ արժե՞ արդյոք վստահորեն թավշյա բարձերի վրա դանթել։ Դե իսկ արծրունական ստրատեգիայով հասարակության մանիպուլացումը մի օր կպայթի ձեր քունքերին որպես կանտուզիայի ազդանշան։

    Ինձ համար այլևս հստակեցված է. Հավատալ միայն ապաիշխանական լրատվամիջոցներին։

Հ. Գ. Ո՞ր աշխարհամասում է զվրնում մեր նե՜ղ օրերի «Լևիտանը», որ դարձել էր կեղծիքի ու աղավաղման էտալոնային նմուշ։ Եվ Ինչու՞ է թույլատրվել դուրս գալ երկրից նրան, ով տիրապետում է անթափանց տեղեկությունների։

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ