Չեմ բացառում, Երևանում կան ադրբեջանցիներ, որոնք հատել են սահմանը և հայտնվել մայրաքաղաքում. Մելիք-Շահնազարյան

73

Ես չեմ բացառում, որ Երևանում կան ադրբեջանցիներ, որոնք հատել են սահմանը և հայտնվել են մայրաքաղաքում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ արձանագրելով, որ մի քանի անգամ ականատես եղել ենք, որ ադրբեջանցիները եղել են Երևանում, տարբեր տեսագրություններ արել մայրաքաղաքից:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք ու գրավել Սյունիքի Սեւ լիճը, Վարդենիսում որոշ բարձունքներ։ Ընդ որում՝ նրանք մխրճվել են Հայաստանի տարածքի մեջ՝ առանց որեւէ կրակոց արձակելու։

Մելիք-Շահնազարյանը ստեղծված իրավիճակը ողբերգական գնահատեց.

«Ադրբեջանցիները հատել են պետական սահմանը և այս ամենին Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել: Սահմանները պաշտպանված չեն եղել, թշնամին մտել է առանց որևէ դիմադրության հանդիպելու: Եվ այսքանից հետո մեր պետությունը ցույց է տալիս, որ չունի բավարար ներուժ՝ այս խնդիրը լուծելու համար և փորձում է հարցը տեղափոխել միջազգային ատյաններ: Այս բոլոր իրողությունները կատաստրոֆիկ վատ ազդեցություն են ունենալու ապագայում պետության անվտանգային համակարգի և միջազգային հանրությունում մեր տեղն ու դիրքը ֆիքսելու հարցի վրա»,- շեշտել է նա:

Քաղաքագետի կարծիքով՝ թշնամի պետության զինվորականների կողմից առանց մեկ կրակոցի ՀՀ պետական սահմանը հատելն ունի մեկ պատճառ, այն է՝ Հայաստանում իշխանության է եկել դավաճանական թիմ:

«Այս իշխանությունները չեն ապահովում մեր անվտանգությունը, չեն ծառայում մեր պետական շահին և հնարավորություններ են ստեղծում թշնամու համար նվաճել մեր երկրի տարբեր հատվածները»,- արձանագրել է Մելիք-Շահնազարյանը եւ խիստ կասկածելի համարել, որ այսքանից հետո ադրբեջանցիները ուղղակի կվերադառնան իրենց դիրքերը:

«Նրանք այսքան հանգիստ, առանց դիմադրության, մտել են մեր տարածքը, չեմ կարծում, որ իրենք հենց այսպես հետ կվերադառնան, նրանք միանշանակ ինչ- որ բան են պահանջելու: Սակայն նրանք արդեն շատ կարևոր բան կարողացել են արձանագրել: Այն, որ նրանք, ըստ էության, Հայաստանի իշխանությունների բերանով լեգիտիմացրել են խորհրդային տարիներին գծված միջպետական սահմանները: Այդ քարտեզներում Արցախը գծված է որպես Ադրբեջանի մաս: Երբ հայկական կողմը այսպես լեգիտիմացնում է այդ սահմանները, որոշ ժամանակ անց, հղում կատարելով պաշտոնական Երևանի փաստարկներին, Բաքուն պահանջելու է Արցախի ամբողջական վերահսկողություն, կամ անցում Ադրբեջանի կազմի մեջ», – եզրափակել է Մելիք-Շահնազարյանը:

Աղբյուր` Փաստինֆո