Կիպրոսի խորհրդարանի կայքն ապրիլին կիբեռհարձակման է ենթարկվել Թուրքիայի կողմից

60

Ապրիլի 5-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի կայքը կիբեռհարձակման է ենթարկվել, որի համար պետության իշխանությունները մեղադրում են Թուրքիային: Այս մասին հայտարարել է Կիպրոսի միապալատ խորհրդարանի գրասենյակը:

Ասվում է նաև, որ այդ եզրակացությունը հիմնված է «Թվային անվտանգության վարչության կողմից անցկացված տվյալների վերլուծության վրա»: Ներկայացուցիչների պալատը շեշտել է, որ վերլուծության արդյունքում վարչությունը եկել է այն եզրակացության, որ կայքի վրա հարձակումը ձեռնարկվել է «թուրքական հաքերական խմբավորման հետ կապված մի շարք հասցեներից»:

Պնդում է արվում, որ Կիպրոսի իշխանությունները, անհապաղ արձագանքելով ծագած սպառնալիքին, կարողացել են խուսափել կիբեռհարձակման բացասական հետևանքներից: Բացի դրանից, որպես նախազգուշական միջոց, ձեռնարկվել են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ հաքերների նոր հարձակումներին դիմակայելու համար: