Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր

71

Մամուլի հաղորդագրություն

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումն ավարտվել է։ Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 12-ը Երևանում կայանալիք խաչատրյանական մրցույթն այս տարի կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ։ Մայիսի 11-ին ամփոփվել են երաժշտական այս ստուգատեսին մասնակցելու համար ներկայացված հայտերը։ Դիմել են մեծ թվով երիտասարդ դիրիժորներ։

Ուշագրավ է դիմորդների աշխարհագրությունը։ Հայտեր են ստացվել աշխարհի 27 երկրից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Կորեայի Հանրապետություն, Իսպանիա, Իսրայել, Գերմանիա, Ավստրիա, Վրաստան, Կոտ դ’Իվուար, Հոնկոնգ, Ռուսաստանի Դաշնություն, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Կոլումբիա, Չեխիա, Ֆրանսիա, Թայվան/Չինաստան, Հայաստան/Գերմանիա, Հայաստան, Ուկրաինա, Ղազախստան, Չինաստան, Մալայզիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն, Բելառուս, Լեհաստան։

Դիմած բոլոր մասնակիցները կանցնեն նախընտրական փուլ։ Լավագույն 18-ը հնարավորություն կունենան մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան մրցույթի առաջին փուլին։

Մրցույթի ժյուրին գլխավորելու է Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։ Ժյուրիի կազմում են աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտներ՝ Քյոլնի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Միխայիլ Յուրովսկին,  թավջութակահար, դիրիժոր, Թել Ավիվի համալսարանի Բուխման-Մեթա երաժշտական դպրոցի միջազգային կապերի գծով ղեկավար Դմիտրի Յաբլոնսկին, Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջի պրոֆեսոր Փիթեր Սթարքը, դիրիժոր, Ջորմա Պանուլա դիրիժորության մրցույթի նախագահԺորմա Պանուլան, IMG Artist ընկերության փոխնախագահ Հարոլդ Քլարկսոնը, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Պավել Կոգանը։  

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Երաժշտական այս խոշորագույն միջոցառման կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ