Ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով. Դավիթ Բաբայան

64

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են՝ որպես շինանյութ, հատկապես՝ իրենց կողմից տարբեր ճանապարհների կառուցման նպատակով:

«Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է , բարբարոսություն, որն ունի քաղաքական նպատակ: Ոչ միայն հայկական հետքը ոչնչացնում են ի սպառ, այլ նաև օգտագործում են տնտեսական նպատակներով: Կառուցելով նման ենթակառուցվածքներ՝ ադրբեջանցիները շատ ավելի դժվար են դարձնում հետագայում այդ ամենի վերականգնումը: Սա միջազգային և բարոյական նորմերի կոպիտ խախտում է» ,- մասնավորապես ասել է Դ. Բաբայանը:

Այն հարցին, թե որ ճանապարհների կառուցման նպատակով են օգտագործվում գերեզմանաքարերը, ԱԳ նախարարը պատասխանել է, որ տարբեր աղբյուրներ տարբեր տվյալներ են հաղորդում, մասնավորապես՝ շրջանառվում է, որ Հադրութ-Շուշի կառուցվող ճանապարհահատվածի շինարարության մեջ են լայնորեն օգտագործում:

«Կան տվյալներ, որոնք ցույց են տալիս , թե ադրբեջանցիներն ինչպես են քանդում Հադրութի գերեզմանատները: Այս տեղեկություններն անհրաժեշտություն են առաջացնում, որ միջազգային հանրությունը ևս մշտադիտարկման առաքելություններ իրականացնի և տեղում ծանոթանա իրականությանը: Այն պետք է իրականացվի տարբեր պետական կառույցների կողմից: Ադրբեջանի կողմից իրականացվող հայկական մշակութային ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նամակներ ենք ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև հանդես եկել հայտարարություններով: Որոշ տեղաշարժեր կան: Դժբախտաբար, այս գործընթացը ժամանակատար և աշխատատար գործընթաց է, որպեսզի միջազգային կառույցները լիարժեք գործեն»,- ավելացրել է Դ. Բաբայանը: