Մեզ խոսող չի պետք, մեզ գործ անող է անհրաժեշտ՝ վանկարկում էր ժողովուրդը՝ մերժելով ճառ ասողներին, պոպուլիզմը և պոպուլիստին. Փաստինֆո

175

Երեք տարի առաջ, ներկա վարչապետի ժ/պ-ն դեռ չէր խուսափում բարձրաձայն  հայտարարել, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա և դիմելով ժողովրդին չէր վախենում ասել, թե՝ «Ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է, եւ մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս նախադասության բուն իմաստը շատ լուրջ հասկանանք ու գնահատենք»։ Ասում էր, որ իր խոսքի հիմքում յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։

Բնականաբար, այսօր,  վերը նշված խոսքերի հեղինակի յուրաքանչյուր բառը խոշորացույցի տակ է, քանի որ եկել է մի ժամանակ, երբ այդ  պայմանական՝  3 միլիոնից մեկի երեք տարիների արած-չարածը պիտի գնահատեն մնացած 2 միլիոն 999 հազարը։

Իսկ ինչի՞ հիման վրա պիտի գնահատեն մարդիկ իրենցից մեկի և դարձյալ պայմանական ասած՝ իրենց ընտրած մեկի գործունեությունը։ Ասում ենք պայմանական ոչ միայն նրա համար, որ 3 միլիոնը շատ պայմանական թիվ է, այլ նաև նրա համար, որ ոչ բոլորի ընտրյալն է եղել տվյալ մեկը։ Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ չեն ընտրել նրան, քանզի ի սկզբանե ունեցել են իրենց հստակ տեսակետը վերջինիս նկատմամբ։

Վերջին 3 տարիների ՀՀ վարչապետի ընտրության հարցում և՛ ընտրողների, և՛ չընտրողների համար որպես կանոն՝  գործել է համեմատությունը։ Մերժել են՝ համեմատելով։ Այլ հարց, որ մերժելով մեկին, նախընտրել են մյուսին՝ հաճախ նաև՝  չճանաչելով նրան։ Հավատացել են։ Հավատացել են նորի խոսքին ու խոստումներին, հավատացել են, թե՝ իրենցից մեկն է։ Այսինքն, էլի համեմատության գործոնն առկա է եղել՝ ընտրել են իրենցից մեկին, այլ ոչ թե՝ իրենցից  բարձր դիրքում գտնվողին։   

 Ընտրել են, քանզի համեմատությունն է օբյեկտիվ իրականության ճանաչման գործընթացի հիմնարար բաղադրիչներից մեկը։ Ճանաչողությունը ոչ այլ ինչ է, քան՝ համեմատություն։ Այլ հարց, որ համեմատել են անհամեմատելին, սխալվել են, փոշմանել  ու հիմա վերագնահատում են․․․

Բայց այն, որ  բանական մարդը շրջապատող աշխարհի մասին պատկերացում է կազմում՝ համեմատություններ անելով, աքսիոմատիկ է։

Հիմա, «Homo sapiens»-ը՝ բանական մարդը առաջնորդվելով համեմատություններով՝ կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ առաջիկա ընտրություններում այս կամ այն ուժին նախապատվություն տալու հարցը։

Բնականաբար, այս պարագայում կարող է համեմատությունների վրա հիմնվելով որպես առաջին պայման՝ նախ՝ առաջնորդվել այս կամ այն ուժին ոչ մի դեպքում նախապատվություն չտալու և չընտրելու պայմանով։

Արդ, որքանո՞վ են առկա համեմատությունները հիմք տալիս, որ նախորդ  3 տարիներին երկիրը ղեկավարած ուժը և անձը դարձյալ նախապատվելի լինեն շատերի համար, այդ թվում, հենց նրանց, ովքեր նրան ընտրել են 3 տարի առաջ։

Այս հարցին պատասխանելու համար հարկ է մեջտեղ բերել ներկայում ժ/պ համարվող անձի նախընտրական ծրագիրն ու նախընտրական խոստումները և տեսնել, թե դրանք որքանո՞վ են իրականություն դարձել։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ այս համատեքստում շատերն առաջնորդվում են դարձյալ հակառակ կողմից հարցադրում անելով, այն է՝ կա՞ մեկ, գեթ մեկ ոլորտ, որտեղ կարելի է լիարժեք կերպով ասել, որ վերջին երեք տարիներին պետության ղեկին գտնվող անձը /ուժը/ հաջողել է։

Քաղաքականության մեջ, եթե համեմատելու լինենք նախկին ղեկավարների ժամանակների հետ՝ /առաջին նախագահից՝ երկրորդ և երրորդ նախագահներ/՝ կտեսնենք, որ և՛ ներքին, և՛ արտաքին  քաղաքականության  բնագծերում տապալումն ակնհայտ է։ Ներքին կյանքում՝ ազգը բաժան-բաժան է արված՝ սևի ու սպիտակի, հների ու նորերի, մերոնց ու ձերոնց, իսկ  ատելություն և չարություն գեներացնողը հիմնականում՝  իշխանությունն է։ Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, ընդամենը մեկ բան կարելի է փաստել՝ դարձյալ համեմատություն անցկացնելով նախորդների պաշտոնավարման տարիների հետ։ Այն է՝ մշտապես ունեցել ենք գործընկեր պետություններ և դաշնակից պետություններ, իսկ այսօր  մեն-մենակ ենք  մնացել։

Տնտեսական կյանքում հեղափոխական աննախադեպ աճ խոստացող իշխանության ղեկավարը ծայրահեղն արեց՝ երկիրը տանելով  աննախադեպ անկման։

Անզեն, բաց ձեռքերով և խաղաղության կարգախոսներով իշխանության եկածը՝ հրահրեց  պատերազմ՝ բերելով մահ, ավեր, հայրենազրկում․․․

Բնականաբար, վերը նշվածներն ամենաակնառուներն են, սակայն բոլոր ոլորտներում նույն աննախադեպ անկումներն են և համեմատությունները բնավ էլ երեք տարի առաջ՝ փողոցից՝ ՀՀ քաղաքացիների ուսերի վրա  իշխանության եկած՝ իրենց Նիկոլի օգտին չեն։ Այսօր այդ նույն մարդիկ, նրանց զգալի մասը համեմատելով  3 տարի առաջ Փաշինյանի՝ իրենց  տված խոստումները՝ այսօրվա իրականության հետ, սարսռում են և ամեն ինչ կտային, միայն թե չլիներ վերջին 3 մահաբեր տարիները։

Կորցրել ենք մի ամբողջ սերունդ՝1999-2002 թվականների 18-21 տարեկան 6000 երիտասարդների, հազարավորները՝ հաշմանդամ են դարձել, ունենք բազում անհայտ կորածներ և գերեվարվածներ, կորցրել ենք Արցախ աշխարհի 80 տոկոսը՝ հայրենազրկվել ենք բոլորս, իսկ Արցախի ժողովրդի մեծ մասը նաև տնավեր-տնանկ են դարձել։ Արտագաղթի ալիքը մոլեգնում է՝ ինչպես երբեք։ Մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլև՝ փախչում են Հայաստանից և Արցախից։

Բնականաբար, սա նախկին 3 տարիների իշխանությունների տապալման և անկումների ընդամենը մի մասն է։ Եթե օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ընթացքը՝ ոլորտ առ ոլորտ, բնագիծ առ բնագիծ՝ կրթություն, գիտություն, մշակույթ, գյուղատնտեսություն, արդարադատություն, բնապահպանություն, քաղաքաշինություն և այլն, քննելու-համեմատելու  լինենք, ավելի ահավոր կլինի պատկերը։ Ինչ խոսք, ոչ՝ նախկին 3 տարիների թավշյա իշխանության և նրա ղեկավարի օգտին։

Եվ ուրեմն, այլևս նախկին համարվող՝ վերջին 3 տարիներին պետությունը հիմնահատակ կազմաքանդած ուժը անհամեմատելի է դառնում մնացյալ ուժերի հետ, քանի որ շատ կարճ ընթացքում  բոլոր բնագծերում  արձանագրված աննախադեպ բացասական սալդոն նրան, ըստ էության,  համեմատվելու հնարավորությունից զրկում է։

Ի դեպ, երեկ՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ, երբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդին դիմելով ասաց, թե միտինգներում խոսք ասելու վարպետ չէ, շատերն այս ու այն կողմից նույն կերպ արձագանքեցին, այն է՝ մեզ խոսող չի պետք, մեզ գործ անող է անհրաժեշտ։ Այսինքն, ժողովուրդը մերժում է ճառ ասողներին, նրան զանգ կախող է պետք։ Այսինքն, մարդիկ սեփական մաշկի վրա են զգացել   պոպուլիզմի վնասները։

Մարդիկ այլևս մերժում են պոպուլիզմն ու պոպուլիստին։

Աղբյուր` Փաստինֆո