Նախագահը կատարել է Նիկոլ Փաշինյանի բոլոր քմահաճույքները

36

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ Արմեն Սարգսյանին է ուղղել իր հարցադրումները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ընթացող հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների և դրանց հնարավոր հետևանքների մասին:

Նշենք, որ հանդիպումը չի կայացել, քանի որ Նախագահի աշխատակազմից էդգար Ղազարյանին տեղեկացրել են, որ Նախագահը չի հրաժարվում իրեն ընդունել ինչ-որ մի օր, բայց հիմա նա չի կարող:

«Ես հանդիպման խնդրանքս հանել եմ, որովհետև ես նախագահի հետ անձնական հանդիպման նպատակ չեմ ունեցել, իմ բոլոր խնդիրները հանրային բնույթի են, բխում են հասարակության շահերից և ժամկետային առումով ակտուալություն ունեն մինչև մայիսի 10-ը»,- Նախագահի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Էդգար Ղազարյանը ու հրապարակավ հնչեցրել այն հարցադրումները, որոնք մասին ցանկանում էր զրուցել Նախագահի հետ։

«Եթե նախագահը ներկա լիներ այս հանդիպմանը, ես, նախ և առաջ կնշեի, որ հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումներից մեկը համարել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից։ Հետագայում ի՞նչ կոնկրետ քայլեր է իրականացրել այդ խնդրի լուծման ուղղությամբ»,- նշել է Ղազարյանն ու ավելացրել. «2021 թվականի ապրիլի 25-ի հրաժարականի ուղերձում նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր որոշման հիմքում եղել են տարբեր քննարկումներ, այդ թվում ՀՀ նախագահի հետ։ Այս փաստը հաշվի առնելով, որ նախագահի պաշտոնը ապաքաղաքական է՝ կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ քննարկումների մասին է խոսքը»։

«Դուք անհանգստություն չե՞ք զգում, որ Ձեզ ներգրավել են օրինական իշխանության տապալման և իշխանության ապօրինի զավթման ենթադրյալ հանցագործության կազմակերպված խմբի կազմում»,- հայտարարել է Ղազարյանը:

Նախագահը, ըստ Ղազարյանի, ոչ միայն չի նպաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, այլ նաև ողջ ընթացքում կատարել է նրա քմահաճույքները:

Աղբյուր` Փաստինֆո