Պաշտպանության նախարարը հայտարարում է, որ չի զբաղվում ռազմագերիների հարցով, իսկ ո՞վ պետք է զբաղվի՝ ժեկի պե՞տը. Բորիս Ավագյան

89

Փոխվարչապետի գրասենյակը գերեվարվածների հարցով այնպես է զբաղվում, որ անգամ տեղեկացված չէ՝ գերիներ վերադառնալու են, թե ոչ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը։

Երկարատեւ դադարից հետո՝ օրեր առաջ՝ մայիսի 4-ին, 3 հայ ռազմագերի վերադարձավ հայրենիք ինչը հույսեր արթնացրեց, որ գուցե հաջողվի գերիների հայրենադարձության հարցում որոշակի բեկում մտցնել։ Բ.Ավագյանի դիտարկմամբ՝ գերիների անգամ այդ փոքրաթիվ խմբի վերադարձը հնարավոր է դարձել ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում։

«Փաստինֆո»-ի հարցին, թե ի՞նչ ջանքեր պետք է գործադրել, պահվող մյուս անձանց վերադարձնելու համար՝ Ավագյանը նշել է, որ պետք է առնվազն ՌԴ-ին չխանգարել միջնորդության գործընթացում աշխատել և աջակցել տղաների վերադարձին։

«Պաշտպանության նախարարն իրեն թույլ է տալիս պաշտոնապես պատգամավորներին պատասխանի, որ ՊՆ-ն չի զբաղվում ռազմագերիներով, նպատակահարմար չի գտնում պատգամավորներին հանդիպի ու քննարկի այդ հարցը։ Նման վերաբերմունք ՊՆ-ի կողմից ռազմագերիների հանդեպ, ես չեմ պատկերացնում։ Ո՞վ պետք է զբաղվի՝ ժեկի պե՞տը։ Պաշտպանության նախարարի կարծիքով ո՞վ պետք է զբաղվի այն տղաներով, որոնք գնացել են հայրենիքը պաշտպանելու»,- ասաց Բ.Ավագյանը։

«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ ՊՆ-ն դեռ ամիսներ առաջ է հայտարարել, այդ թվում մեր գրավոր հարցմանն ի պատասխան, որ ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը՝ Ավագյանը հիշեցրեց երեք ռազմագերիների վերադարձի մասին գրասենյակի հայտարարությունը, որով նշվում էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում է Ադրբեջանը վերադարձրել երեք հայ ռազմագերների։

«Փոխվարչապետի գրասենյակը գերեվարվածների հարցով այնպես է զբաղվում, որ անգամ տեղեկացված չէ՝ գերիներ են վերադառնալու, թե ոչ։ Անթույլատրելի է, երբ ռուս խաղաղապահների հրամանատարը վերադարձնում է երեք ռազմագերի, ասում են, որ նրանք վերադարձվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների շնորհիվ։ Ես հասկանում եմ,որ ՌԴ-ն այդ երկրներից մեկն է, բայց հավաստիացնում եմ, որ ռազմագերիները վերադարձվել են միայն ՌԴ ղեկավարության և ռուս խաղաղապահների հրամանատարի շնորհիվ»։

Ավագյանը հավելեց, որ Շիրակցի գերեվարվածների հետ պարբերաբար հանդիպում է ունենում, նյութեր ստանում, քննարկում։ Հիշեցրեց, որ վերադարձածներից մեկն էլ Շիրակի մարզից է։

Այս օրերին լրանում է Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի առաքելության ժամկետը։

Ավագյանն ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հույս էր հայտնել, որ մինչև հրամանատարի փոփոխությունը հնարավոր կլինի ապահովել մեր գերիների վերադարձը։ Զրույցից օրեր անց՝ մայիսի չորսին, 3 հայ գերի վերադարձավ։ Այս պահին, սակայն հայտնի չէ, ե՞րբ Մուրադովը կլքի Արցախը և ո՞վ կփոխարինի խաղաղապահների հրամանատարին։ Արդյո՞ք մինչ այդ կհաջողվի վերադարձնել գերիների ավելի մեծ խմբի հարցին ի պատասխան մեր զրուցակիցն արձանագրեց, որ օրեր առաջ Հայրենիք վերադարձած երեք գերիների թիվն էլ բավարար չէ, բայց վստահեցրեց, որ աշխատանքները շարունակական են։

«Փոփոխություն իհարկե, տեղի է ունենալու, որովհետև նրանք գտնվում են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում գործուղման մեջ։ Ոչ մի նշանակություն չունի ժամկետի լրանալը, որովհետև ես համոզված եմ, որ այն հրամանատարը, որը կգործուղվի Մուրադովի փոխարեն, կլինի ոչ պակաս պրոֆեսիոնալ անձնավորություն»,- նշել է նա ։

Աղբյուր` Փաստինֆո