Շուշի. զարթոնքից՝ կործանում…

110

Ականատեսները պատմում են, որ Շուշիի ազատագրումից հետո ազատամարտիկ Դուշման Վարդան Ստեփանյանը շամպայնը ձեռքին, ուրախությունից խելապատառ, վազել էր հայկական գերեզմանոց ու գոռացել. «Հանգիստ քնե’ք, պապե՛ր, Շուշին ազատ է»։
Շուշիի ազատագրումը հայոց նորագույն պատմության շրջադարձային դրվագներից էր։ Սա պատմական այն պահն էր, երբ մի խումբ խենթեր դեմ գնալով իրերի ընթացքին` կանգնեցրին պատմության անիվը և շրջեցին հակառակ ուղղությամբ։ Շուշին հայի հպարտությունն էր, ուժի ու ոգու խորհրդանիշը։
Իսկ ի՞նչ արեցինք մենք՝ Շուշին պահելու համար։ Երգեր գրեցինք Շուշիի մասին, բայց էդպես էլ շատերը չտեսան այդ հրաշքն իրենց աչքով, հարյուրավոր դոլարներ ծախսեցինք թրքականացված Վանն ու Կարսը տեսնելու համար՝ ներկայացնելով դա որպես հայրենասիրության դրսևորում, բայց այդպես էլ չգնացինք մերոնց կյանքերի գնով ազատագրված միջնաբերդը տեսնելու, շենացնելու, ապրելու։ Մենք լիուլի սեղանների առաջ խմեցինք հերոսների կենացը, բայց ուրանալով Մոնաթեի պատգամը՝ կենացը գործի չվերածեցինք։ Մենք թույլ տվեցինք մեզ խաբել, մեզ համոզել, որ այն, ինչ մերն էր, իրականում մերը չի եղել, որ աշխարհի երեսին կառուցված դրախտը «դժգույն ու դխբախտ էր»։ Ականջներս կախ լսեցինք այս ցնդաբանությունները, որովհետև Շուշին տեսել էինք միայն նկարներում։
Մենք կորցրինք վստահությունը, որ «միայն զենքով կա հային փրկություն»։ Հրաժարվեցինք նայել այս պարզ ու դարերով ապացուցված ճշմարտության աչքերին։ Մենք մոռացանք մեր արժեքներն ու թույլ տվեցինք մտնել մեր եկեղեցի, մտնել մեր ընտանիքներ ու խառնել այն ամենն, ինչ թանկ է մեզ։ Մենք մեր ընտանիք, մեր ընկերական շրջապատ թողեցինք մարդկանց, ում համար Շուշին արժեք չէ։
Մենք կորցրինք մեզ  ու հենց այդ օրը մենք կորցրինք Շուշին։ Հայի հաղթանակի խորհրդանիշը դարձնելով սգի և ամոթի կոթող։
Բայց այն քչերը, ովքեր հասցրին ճանաչել Շուշին, ովքեր ժամանակին խելքի եկան, ովքեր ապրում են մեր պապերից ստացած սրբությունները սրտին մոտ պահելով, վաղը՝ Շուշիի ազատագրման տարելիցի վերածված տարեդարձին  արթնանալու են մի պարզ մտքով. «ես հետ եմ դառնալու»:

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ