Դու հասկանում ե՞ս, որ այդ մարդկանց տներն արդեն իսկ ադրբեջանցիների դիրքերի մատույցներում է. Աբրահամյանը՝ ՊՆ ղեկավարին

64

Պաշտպանության նախարարին դիմում են, ասում են՝ գերիների հարցերով գանք հանդիպենք, պատասխանում է, որ իրենք չեն զբաղվում։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Լավ, ընդունենք, որ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն։ Ու վե՞րջ։ Դուք այս ամենի հետ ընդհանրապես ձեր կապը չե՞ք տեսնում, պատասխանատու չե՞ք համարում։

Ադրբեջանում գերեվարված անձինք՝ ժամկետային լինեն, պահեստազորային, թե կամավորական, պետք է առաջնային գտնվեն ձեր ուշադրության դաշտում։

Կոպիտ ասած, դուք եք մոբիլիզացիան կազմակերպել, արդյունքում այդ մարդիկ հայտնվել են ճակատի ինչ որ ուղղությամբ և տարբեր հանգամանքներում գերեվարվել։

Եվ դուք տարօրինակ կերպով ձեզ այնքան անհոգ եք զգում, որ նույնիսկ պատգամավորների հանդիպման առաջարկն եք մերժում՝ համոզված եմ, որ առանց ճշտելու դրա դրդապատճառները։

Վաղը՝ մեկ այլ իրավիճակում, նույն կերպ վարվելու եք մյուսներիս հետ, դա է ձեր տեսակը։

Նույնը Արավուս գյուղում, գյուղի հովիվի և ադրբեջանցի զինծառայողների քաշքշուկի թեման։ Վաղարշակ Հարությունյան, հանգիստ խոսում ես այն մասին, թե գիտե՞ք՝ հովիվը դրանց դիրքերին մոտ հատվածում է եղել։

Դու հասկանում ե՞ս, որ այդ մարդկանց տներն արդեն իսկ ադրբեջանցիների դիրքերի մատույցներում է, այդ մարդիկ իրենց ուժերով ամեն օր տարաբնույթ բանակցությունների մեջ են ադրբեջանցիների հետ՝ արտ անելու, անասուններ արածացնելու, իրենց գյուղում հանգիստ քայլելու համար։

Իսկ դու ադրբեջանցիներից ավելի ջանասիրաբար արդարացնում ես միջադեպերը՝ պարծենում, թե բա գիտե՞ք զոհեր չկան, հովիվն էր մեղավոր։

Հետո էլ ավելացնում, թե դեմարկացիայի գործընթաց կլինի ու կկարգավորվի։ Այդ ե՞րբ, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, այդ պրոցեսն այդքան արագ է՞ լինելու։

Հարևան Վրաստանի հետ գործընթացն արդեն 25-30 տարի է գնում է ու դեռ չի ավարտվել։ Ու դա այն դեպքում, որ այդ երկրի հետ պատերազմի մեջ չենք, թշնամություն չկա։

Պատկերացում ունե՞ս, թե ադրբեջանցիների հետ այդ գործընթացը, եթե նույնիսկ սկսի, որքան է տևելու։

Սրանց պաշտոնավարման օրոք, մարդիկ տարիներով իրենց հոգսերով, խնդիրներով և անվտանգության բացակայությամբ մնալու են մեն-մենակ։

Սրանց գնալն այլընտրանք չունի, ով չի գիտակցում, մեկ է՝ ինչ որ փուլում, սեփական մաշկի վրա է զգալու իրավիճակի ողջ ծանրությունը»,- գրել է Աբրահամյանը։