Սերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկը

75

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը տեղադրված է ilure.am կայքում։

Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում հանրությանը ներկայացնել նաև այդ հայտարարության տեքստը:

ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունը  Նկատի ունենալով՝

• պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,

• ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,

• իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,

• ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը,

• ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը, Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։

Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։

Երկրի քաղաքական կյանքում անձամբ մեր երկուսի ապագա դերակատարությունը պատկերացնում ենք բացառապես միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտներում վարչապետի կողմից հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կարգավիճակում։ 

Լևոն Տեր-Պետրոսյան