Ուշադիր հետեւում եմ լրատվամիջոցներին՝ Վարդապետյանի հաջորդ ձայնագրության հրապարակման համար. Մակինյանը կդիմի դատարան

53

Ազգային անվտանգության ծառայության կողմից Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը փաստաբան Ամրամ Մակինյանը կբողոքարկի դատախազություն, վերջինիս մերժման դեպքում կդիմի դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մակինյանը։

«Չկա նման պրակտիկա, քանի որ պետության անունից, շահից հանդես է գալիս դատախազը, չգիտեմ՝ ինչ նոր հեքիաթներ են։  Որոշման մեջ նշվում է, որ Աննա Վարդապետյանը հանդիպումներ  եւ քննարկումներ է ունեցել քննիչների հետ՝ պետությանը տուժող ճանաչելու համար։ Այսինքն՝ այս որոշմամբ ապացուցվում է, որ հանդիպումներ եղել են։ Արդեն էական չի որոշումը»,- նշեց փաստաբանը։

Մակինյանը շնորհակալություն հայտնեց Ազգային անվտանգության ծառայությանը. «ԱԱԾ-ն ապացուցեց այն, ինչը պետք է հետագայում ջանք գործադրվեր ապացուցելու համար։ Այսինքն՝ առնվազն 2 հանդիպում քննիչների հետ ապացուցված է։ Շատ ուշադիր հետեւում եմ լրատվամիջոցներին՝ հաջորդ ձայնագրության հրապարակման համար»։

Նշենք՝ քիչ առաջ Մակինյանը հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը կրկին մերժել է Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործ հարուցել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ Mediaport տելեգրամյան ալիքը հրապարակել էր այդ սկանդալային ձայնագրությունը։

Նշենք, որ այդ ձայնագրությունից առաջ էլ տեսանյութ էր հրապարակվել այն մասին, որ Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ։ Փաստաբան Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր։