Նախկին «Իմ քայլական» Աննա Գրիգորյանը ընտրություններին մասնակցելու է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ցուցակով.ՀԵՏՔ

184

Անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Վահե Հակոբյանի հիմնած «Վերածնվող Հայաստան» կուսակցության ցուցակով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ա. Գրիգորյանը պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով, Տիգրան Կարապետյանի մանդատից հրաժարվելուց հետո, վերջինս ստանձնեց պատգամավորական աշխատանքը` դուրս գալով խմբակցությունից:

Գրիգորյանի խոսքով` կուսակցությունը ստեղծվել է հենց Սյունիքում, կորիզը Սյունիքի համայնքապետերն են:

«Կարծում եմ` լավ աշխատանքի արդյունքում լուրջ շանսեր կունենանք»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` կուսակցությունը ստեղծվել է Սյունիքում, քանի որ հետպատերազմյան շրջանում ամենաշատ խնդիրները հենց այնտեղ են:

«Ես ամուր եմ զգում ինձ, քանի որ այս կուսակցությունում են մարդիկ, որոնք ոչ միայն խաղաղ պայմաններում, այլև պատերազմի ժամանակ են ցույց տվել` ինչպես են սիրում երկիրը: Վիրավորում են ստացել, չեն ապաքինվել, սակայն նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ լուրեր կան այդ կուսակցությունը դաշինք է կազմելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, արդյոք դա իրեն չի խանգարում այդ թիմի մաս կազմելու հարցում, Գրիգորյանն արձագանքեց.

«Ես կուսակցության մաս եմ կազմելու և այդ կերպ եմ շարունակելու իմ քաղաքական գործունեությունը: Եթե կուսակցությունը նպատակահարմար համարի, դաշինք կձևավորի, այս պահին դեռ կոնսուլտացիաներ են լինում»:

Գրիգորյանը նաև հավելեց, որ այսօր կուսակցության համագումարն է լինելու:

ՀԵՏՔ