Համալսարանը դարձյալ թիրախ է

103

2018 թվականի առաջի օրերից՝
համալսարանը «գրավելը» եղել է այս իշխանությունների գերնպատակը։

Այս ճանապարհին իշխանությունների համար հաղթահարելի էր թվում, թե՛ օրինական, թե՛ բարոյական պատնեշները։ Սկզբում համակարգված պայքար սկսելով բուհի գործող ռեկտորի դեմ, քրեական գործեր հարուցելով, համալսարանական՝ իրենց համար անցանկալի ստորաբաժանումներ լուծարելու փորձեր կատարելով, ուսանողական ինքնակառավարման մարմինների դեմ մեդիաարշավներ կազմակերպելով՝ իշխանություններին հաջողվեց ստեղծել մի իրավիճակ, երբ համալսարանը երկու տարի է՝ չունի ընտրված ռեկտոր, պարբերաբար փոփոխվում են համալսարանի կառավարման մարմինների կազմերը, տապալվում բուհի համար կարևոր նիստերը։ Սակայն իրականում, նույնիսկ այս պարագայում, իշխանություններին չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի։ Հարուցված քրեական գործերը, ինչպես և սպասելի էր, փուչիկներ դուրս եկան, փակման «դատապարտված» ստորաբաժանումների աշխատակիցները դատական կարգով վերականգնեցին իրենց իրավունքները և որ ամենակարևորն է, երկու տարվա ընթացքում իշխանություններին չհաջողվեց համալսարանում իրենց հնազանդվող ռեկտոր նշանակել։

Սկզբում այս բոլոր գործընթացները ներկայացվում էին որպես բուհական համակարգի բարեփոխումներ, սակայն այժմ այս գործընթացի նախաձեռնողները անգամ չեն փորձում թաքցնել իրենց իրական նպատակը։

Այս նպատակին հասնելու համար՝ իշխանությունները օրակարգ բերեցին «Բարձրագույն կրթության» մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում էր նվազեցնել բուհական ինքնավարությունը, թուլացնել ուսանողական ինքնակառավարման մարմինները և փաստացի բուհերը դարձնել խամաճիկ օրվա իշխանությունների ձեռքին։ Այս նախագծում այնքան շատ էին աղաղակող ապօրինություններն ու ՀՀ սահմանադրությանը հակասող դրույթները, որ դա հեղինակած իշխանությանը չհաջողվեց համոզել կամ ստիպել ՀՀ նախագահին դակել իրենց բերած խայտառակությունը։ Նախագահը որ միայն հրաժարվեց ստորագրել այս օրենքը, այլև որոշում կայացրեց՝ վիճարկել դրա սահմանադրականությունը՝ դիմելով ՍԴ։
Չկարողանալով այս միջոցով հասնել իրենց ուզածին՝ իշխանությունները սկզբում փորձեցին լուծարել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը՝ հրամայելով իրենց կողմից ներկայացրած անդամներին հրաժարականի դիմումներ ներկայացնել՝ նպատակ ունենալով տապալել սպասվող ռեկտորի ընտրությունները, իսկ երեկ՝ որոշելով անցնել «պլան Բ-ի» ՝ հափշտապ կերպով ընդունեցին կառավարության որոշում, որը նախատեսում է զրկել համալսարանին ինքնավարությունից։ Հերթական խայտառակ որոշումը նախատեսում է կրճատել համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը՝ 32-ից դարձնելով 20 և անդամների թվի  65%-ին նշանակելու լիազորությունը տալ կառավարությանը  25%-ինը՝ Ուսանողական խորհրդին և ընդհամենը 10%-ը՝ բուհին։ Ավելի պարզ ասած՝ ըստ այս որոշման՝ բուհի կառավարմանը դասախոաական կազմից մասնակցելու է ընդհամենը երկու հոգի։
Անշուշտ, նայելով վերջին տարիներին համալսարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ ներքին հանոզում է առաջանում, որ այս որոշումը նույնպես «հալած յուղի տեղ» չի ընդունվելու ակադեմիական շրջանակների և համալսարանականների կողմից։ Մնում է պանել  զարգացումներին և հետևել, թե որտեղից է լինելու կառավարության հաջորդ հարվածը բուհական համակարգին և Մայր բուհին։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ