Թող ամեն մարդ աղմկի իր տաղանդի չափով

378

  ՄԵՐ ՄԵՋ ԱՍԱԾ, ԿԱՄ ԽՈՍՔՍ ԲԱՆՏԵՄ ՔՈՒՆՔԵՐՈՒՄԴ

«Օ՜, ջրվորներ, բահն ուսներիդ

Երևացեք ձեր ստվերով մեր

Սեզակալած անդաստանում» (Հ. Սիրունյան)

***

… Եղավ մի սերունդ, որ հիրավի վերելքն էր, թռիչքն էր խորհրդային, հետխորհրդային ու անկախ Հայաստանի գրական և առհասարակ մշակութային կյանքի։ Նրանք թրծեցին գրական արդեն իսկ կերպավորված ու կոթողված ոճերը, բերեցին, զարգացրեցին համաշխարհային գրականության ճյուղավորումները, և լցվեց, հագեցավ մեր գրականությունը համաշխարհային ընկալումների շնչով, որ ամենակարևորն է, սինթեզվեց մեզանում նորօրյա հայկական ոգով գրի կերպը ձևն ու երանգը արտասահմանյանի հետ։

  Սա առանձին մի նյութ է, որից քաղվածքային, ենթատեքստային նպատակով տեղավորում եմ սկզբում, որպեսզի անդրադառնամ նոր, անդեմ, անհայրենիք, իբրև թե շարունակողներին։ 21-դարասկզբի եզակի դասականներից հետո անկումը մտքի, գրական ճաշակի մասամբ հանգեց, փչվեց։ Ինչու՞։ Որովհետև ի հարկէ և անհարկի եկան  անծագում մոլագարներ, ովքեր լինելով, մեղմ ասած, անտաղանդ և չունենալով գրելու թեկուզ աղոտ, թեկուզ խամրած մի կայծ և հրապուրվելով օտար հեղինակների մի երկու համարձակ, բայց մեզանում չմարսվող գործերով՝ որոշեցին ընթերցողից դառնալ գրող։ Բայց անտաղանդությունն ինչպե՞ս թաքցնել և հրամցնել հասարակությանը, որ պես նոր ծնվող «աս» գործեր։ Ահա մի քանիսը փորձեցին քողարկել իրենց ընդամենը իրար տակ գրված ու առօրյա տողերը հղկում պահանջող «վեռլիբր»-ի տակ։ Մի քանիսը չկարողանալով ստեղծել գեղարվեստական լեզու, պատկեր և լեզվաոճական ըմբռնում՝ սկսեցին գրել կենցաղային անհեթեթություններ՝ ողողված ամենալպիրշ ու նյարդային հայհոյանքներով։ Մի քանիսն ընտրեցին իրենց բնույթին համահունչ՝ սեռագար և սեռավետ պատումի անբովանդակ մի ձև՝ համարելով, որ չպետք է վախենալ օրհասական թեմայի արծարծումից։ Եղան նաև մարդիկ, որոնք շաղախեցին այս և մի շարք այլ աղտեղություններ իրենց գործերում և հանդգնեցին կոչվել գրող, բանաստեղծ, դրամատուրգ և էլ Աստված գիտե թե ինչ…

   Սարսափելին աստառն է. այս կույտին գովաբանում է, ծափահարում է, ոգևորում է գոռոցով ու թախանձագին կաղկանձ-կլանչով գրականագիտական փլավքամիչով անցած դուրսպրծուկների մի նեղմիտ դասակ։ Այդ նրանք են, ովքեր անկարողությամբ և հարգանքի չհասնելու արդյունքում, զինվում են անբավությամբ և սկսում են վարկաբեկել իրենցից գործունյա, իրենց իսկ կրթած, իրենցից ավագ, բայց ավելի դալար մտքի տեր մարդկանց։ Այդ նրանք են, որ փառաբանում են իրենց ընկերների՝ սեռաքաղցությամբ աչքի ընկնողների իբրև թե մոդեռնիստական, բայց իրականում անդեմ ու անազգ գրվածքները, որոնք ամենաանտանելի լեզվով ու նկարագրությամբ աղավաղում են հայ գրականության ջրամբարը, ինչպես թույնի չափաբաժինը ոռոգող ջրին։ Այդ նրանք են կապից բաց թողնում հոմոսեքսուալիստական ոգով այլասեռություն քարոզողներին, «sms»-ի մակարդակի պատմվածք գրողներինև և այլն։  Բայց ավերիչ է մեկ այլ  ամբարտավան վարմունք ևս. նրանք ատում են անվանի գրականագետներին ու գրողներին, փորձում են թուլացնել ու անվանարկել ինչպես դասական, այնպես էլ դասականության միտվող անունների։ Նրանք են, որ հոխորտում են աջ ու ձախ, թե Չարենցը «շեղված» էր, թե, Սևակը անռիթմ տողեր է կապել, թե Սահյանը պարզունակ է, թե Շիրազն անկիրթ է, Մաթևոսյանը գեղջուկ է, դե իսկ նոր շրջանի մեծ գրողներին, որոնց գուցե և հանդիպած կլինեն՝ թշնամաբար անիծում են։

   Ո՜վ մժղուկներ, դուք, որ մեծերին ստորադասելով եք փորձում թռչկոտել, ասեմ, որպես ի գիտություն. ձեր անկանոն ցատկոտելը նրանց անվանը չնչին քոր էլ չի պատճառի, բայց այ դուք կքշվեք փոքրիկ զեփյուռից անգամ։

   Որպես արդարության առհավատչյա ասեմ, որ գրականության կամ արվեստում առհասարակ, դեմ եմ սահմանափակումներին, բայց որևէ համարձակ քայլ անելու համար տասնյակ փորձեր են պետք, քանզի անտաղանդ խզբզումները եղծում ու թքում են արվեստի հոգու մեջ։ Ամեն բան թող արվի, բայց միայն տաղանդով, մնացյալ թափթփուկներին, ովքեր պոռոտախոս պդում են, թե շուտ ծնվեին Չարենց, Թումանյան, կամ նվազագույնը Դաշտենց կլինեին, դեմ եմ, դեմ եմ, երիցս դեմ եմ։

   Թող չբուսնեն հայհոյախառն գռեհկաբանություններ, անկողնային բաց ու թափանց, առօրյա նկարագրողներ, միասեռականության քարոզներով  զբաղվող  անդեմներ և վերջում սրանց  Տիր աստծո չոքերին դասող իբրև թե գրականագետներ, որոնք կարդում են իրենց այդ ընկերներին՝ հրճվում, տենդոտվում ու փառաբանում երկուստեք. գրող-ծափահարող։
Հ. Գ. Գրին պետք է սահմռկեցնող լրջությամբ մոտենալ, «եղբա’րք», և ձգտեք, տանջվեք ձեր ուղու համար, ձեր ձեռագրի համար և եթե դիմանաք և հարմարվեք գրական կեցությանը, խնդրեմ, փորձեք նորամուծություններ անել, գուցե հաջողվի։ Բայց չկայանալով հանդերձ փորձել ստորացնել մյուսներին, և գրել չկարողանալու արդյունքում «քֆուրներով» սևացնել թուղթը, ներկայանալ իբրև մի նոր, մյուսներին՝ անկիրթներին անհասու մի ժանրի կրող, և դեռ մի բան էլ բղավե՞լ, հոխորտա՞լ չողջունող ողջամիտներին… Տղաներ և աղջիկներ, որ գրականության մեջ դեռ չեք դարձել կին-տղամարդ, ասում եմ ձեզ. տողադարձ եղեք, գրադարձ եղեք, գրական հոգեդարձ եղեք։

Վերջում, ինչպես հայրս էր ասում (ձերպեսներին), ամեն մարդ թող աղմկի իր տաղանդի չափով…

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ