Ղրղըզստանի գլխավոր դատախազությունը Տաջիկստանին մեղադրել է Ժնեւի կոնվենցիաները խախտելու մեջ

30

Ղրղըզստանի գլխավոր դատախազությունը տաջիկական կողմի գործողությունները որակել է որպես ռազմական ներխուժում՝ տարածքներ զավթելու նպատակով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով վերահսկիչ մարմնի մամուլի ծառայությանը:

«Մշտական տեղակայման վայրերից հեռու հարձակողական ծանր զենքի կիրառումը վկայում է, որ այդ ռազմական ներխուժումը նախապես պլանավորված եւ կազմակերպված է եղել Ղրղըզստանի ինքնիշխան տարածքը զավթելու նպատակով»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «տաջիկական կողմի հրահրած ռազմական գործողություններին մասնակցել են կանոնավոր զորքեր, զինված վարձկաններ եւ այլ ավազակային կազմավորումներ»: «Այս զինված կազմավորումները նպատակադրված հարձակվել են Ղրղըզստանի Հանրապետության անզեն խաղաղ բնակչության վրա: Այդ կապակցությամբ ղրղըզական կողմը միջոցներ է ձեռնարկել Լեյլեկի եւ Բաթկենի շրջանի առանձին բնակավայրերից քաղաքացիական բնակչությանը տարհանելու համար, որից հետո Տաջիկստանի զինծառայողները եւ ավազակային կազմավորումները սկսել են թալանել տեղի բնակչության ունեցվածքը՝ դեպի Տաջիկստանի տարածք անասունների, մեքենաների գողությամբ»,- նշել են գերատեսչությունում: Գլխավոր դատախազությունը նաեւ մեղադրել է Տաջիկստանին տներ հրկիզելու եւ ենթակառուցվածքները թալանելու մեջ:

Գլխավոր դատախազության վարկածի համաձայն՝ «Տաջիկստանի զինծառայողների եւ ավազակային կազմավորումների բազմաթիվ խմբերի կողմից նպատակային կիրառվել է պայթուցիկ-բեկորային եւ հրթիռային սպռազինություն՝ խաղաղ բնակիչների եւ քաղաքացիական օբյեկտների, ինչպես նաեւ վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենաների դեմ, ինչը վկայում է Տաջիկստանի կողմից դաժան ագրեսիայի եւ հումանիտար ու միջազգային նորմերի խախտումների մասին՝ չնայած ընդունված միակողմանի եւ բազմակողմանի միջազգային համաձայնագրերին, Ժնեւի կոնվենցիաներին»:

«Ընդ որում՝ Ղրղըզստանի զինծառայողների կողմից հրազենն օգտագործվել է բացառապես Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ինքնապաշտպանության եւ պաշտպանության համար»,- հստակեցրել է վերահսկիչ մարմինը:

News.am