Նախընտրական Հայաստան

274

ՀՀ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի հրաժարականից հետո Հայաստանում միանգամից թեժացան նախընտրական կրքերը։ Շատ քաղաքական ուժեր, որոնք հակված չէին հավատալ, որ ընտրությունները այնուամենայնիվ, լինելու են, տեսնելով հրաժարականը՝ շտապեցին ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնել։
Առաջին հայացքից թվում էր՝ բոլորն են գիտակցում Հայաստանում տիրող քաոսի մասշտաբները, բայց քաղաքական ուժերի և դրանց հետևորդներից շատերի միջև սկսած հանրային գզվռտոցը գալիս է ապացուցելու հակառակը։
Անշուշտ, կարելի է հասկանալ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի մոտիվացիան։ Նրանք հավանաբար կարծում են, որ իրենց զինանոցը սպառվել է և կապիտուլացիա ստորագրած իշխանություններից ազատվելու միակ տարբերակը մնացել է արտահերթ ընտրությունները։ Այս մտքի հետ կարելի է համաձայնել, կամ՝ ոչ, բայց սա կարմիր թելի պես անցնում է գրեթե բոլոր ուժերի պարզաբանումներում, չնայած՝ դրա մասին ոչ մեկ ուղիղ  չի խոսում։ Բայց նույնիսկ այս դեպքում երկու ծանրակշիռ հանգամանք է ի հայտ գալիս, որոնց պետք է անպայմանորեն անդրադառնալ։

Ամենակարևոր հանգամանքն այն է, որ այս ընտրություններն իրենց մեջ մեծ ռիսկ են պարունակում։ Եթե իշխանություններին հաջողվի վերարտադրվել, դա կնշանակի, որ նոյեմբերի 9ին ստորագրված հայտարարությունը ու դրա ոգին ընդունելի է հասարակության մեծամասնության համար և հասարակությունն ընդունելու է նաև նույն ոգով ստորագրված խաղաղության վերջնական պայմանագիրը։ Կարճ ասած՝ սա կլեգիտիմացնի Արցախի շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցած և դեռևս նախատեսվող գործընթացները։ Այս սցենարը հատկապես սարսափելի է այն պատճառով, որ հաշվի առնելով գործող իշխանությունների ձեռքում եղած ռեսուրսներն ու գործիքները, ինչպես նաև՝ այն հանգամանքը, որ ինպես ցույց տվեցին անցած ամիսները՝ նրանք չեն խորշում կեղծիքի որևէ դրսևորումից, նրանց վերարտադրվելը բավականին հավանական է։ Իհարկե, այդ դեպքում կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն վիճարկել ընտրությունների արդյունքները։

Երկրորդ կարևոր հանգամանքը վերաբերում է վերջին մտքին։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է պատկերացնեն, որ նրանցից որևէ մեկի կողմից ընտրություններում 50+% ձայն հավաքելը այս իրավիճակում՝ գրեթե հավանական չէ և եթե նույնիսկ գործող իշխանությունները պարտվեն, իրենց անհրաժեշտ է լինելու կազմել կոալիցիոն կառավարություն՝ Փաշինյանին վերջնականապես հաղթելու համար։ Ավելորդ է անգամ խոսել, որ եթե Փաշինյանին հաջողվի ընտրվել, ընդդիմությունն՝ ավելի քան երբևէ, ունենալու է համախմբան կարիք, որպեսզի կարողանա վիճարկել ընտրությունների արդյունքները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ընդդիմադիր ուժերը պետք է բացատրեն իրենց ակտիվին, որ միմյանց վրա ցեխ շպրտելու և միմյանցից ձայներ փախցնելու, մեղմ ասած, ոչ տեղն է, ոչ՝ ժամանակը։
Ի վերջո, հնարավոր է, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը մեր վերջին պետականությունն է և այն պահպանելը պետք է լինի ցանկացած գիտակից քաղաքացու և առավել ևս՝ հանրային-քաղաքական գործչի գերնպատակը։
Իմաստություն և համբերություն բոլորիս։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ