Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը -մաս 4

48

Azgonline.am-ը սկսում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –

հոդվածաշարի նախորդ մասերը, –

ՆՅՈւԹ-4                 Արմենակ Եկարյան

Շարունակելով ՌԱԿ-100 հոդվածաշարը նշենք, որ Արմենական գործիչներից առանձնանում են երկուսը՝ Արմենակ Եկարյանը որպես քաջ ու անվեհեր ֆիդայի և ռազմական ղեկավար և կուսակցության պատմագիր-տեսաբան Արտակ Դարբինյանը:

Հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ Եկարյանի ողջ գիտակցական կյանքը պայքարի ու հերոսացման տարիներ եղան: Ապրեց ընդամենը 55 տարի, սակայն այդ տարներն այնքան խիտ են, նշանակալից իրադարձություններով այքան հարուստ, որ հաճախ թվում է, թե ապրել է առնվազն կրկնակին: Այնքան ու այնպես նվիրվեց ազգի փրկության գաղափարին, որ անձնական կյանք գրեթե չունեցավ: Ապրեց զինատարի դժվարինն ու վտանգներով լեցուն օրեր, զենքը ձեռքին կռվեց ազգի ու հայրենի եզերքների պաշտպանության համար ու այդ անհավասար պայքարում հաղթանակներ կռեց: Նրա կյանքն ուսանելի շատ կողմերով փայլուն օրինակ է մատաղ սերնդի համար: Սակայն, ցավոք, Վանի 1915 թ. հերոսական պաշտպանության ռազմական ղեկավարի, Վանի նահանգի ոստիկանության (Երկրապահ գնդի) հրամանատարի, եղեռնի տարիներին վասպուրականի 150 հազարից ավելի հայության նահանջն անվտանգ կազմակերպողի անունով փողոց, դպրոց անգամ չկա, նրա մասին քչերը գիտեն: Այն դեպքում, երբ            մենք` որպես պատերազմական վիճակում գտնվող ժողովրդ, այդպիսի իրական հերոսների կարիքը շատ ունենք, որոնց օրինակով սերունդներ պիտի դաստիարակվեն:

Ծնվել է 1870թ. Վանում։ 1887թ. ընդունվել է Արմենական կուսակցության շարքերը: Կազմակերպում և վերաշինում են Դերիկի վանքը ու դարձնում հենակենտրոն դեպի Վան զենք փոխադրելու ճանապարհին։ Մի շարք անգամներ զենքի փոխադրման անցումներ է կազմակերպում, որի ընթացքում Թավրիզ-Սալմաստ 150 կմ-անոց ճանապարհը կտրում-անցնում էին ոտքով, գիշերները, զենքի ծանրության տակ կքած ու ամեն րոպե սպասելով թշնամու գնդակին։

            1896-ի մայիսի 27-ին զենք բերելու նպատակով Եկարյանը 300 օսմանյան ոսկի վերցնելով` տաս ընկերների հետ մեկնում է Պարսկահայք։ Սակայն առեղծվածային պայմաններում ձերբակալվում է և չի կարողանում մասնակցել 1896-ի Վանի հունիսյան ինքնապաշտպանության։ 1896-ից հետո Բանտից ազատվելով՝ 40 զինված մարտիկների հետ վերադառնում է Վան և զոհված Մկրտիչ Ավետիսյանի փոխարեն ստանձնում ինքնապաշտպանության ղեկավարությունը։ Բնութագրական է, որ իրատես Եկարյանը զինատար խմբով հանդիպում է Խանասորի արշավանքի ղեկավարներն և նրանց պարզաբանում այդ գործողության անիրատեսությունը, սակայն նաև կրակի տակ առնելով Սաքալ-Թութանի կիրճը  նա փախուստի մատնում օգնության շտապող ոսոխին և մեծ  օգնություն ցույց տալով խանասորցիներին։

Օգտվելով 1908թ. սահմանադրության ընձեռած հնարավորությունից, Եկարյանը վերադառնում է Վան և, ի տարբերություն թուրքերի խոստումներից, ոգևորված գործիչների՝ նախապատրաստվում է ինքնապաշտպանության։ Շուտով սկսված աշխարհամարտի հարմար առիթից օգտվելով թուրքերը ձեռնամուխ եղան հայերին ցեղասպանության միջոցով Հայկական հարցը թուրքավարի լուծելուն: Վանի հայությունը ոտքի ելավ ինքնապաշտպանության: Եկարյանի ղեկավարությամբ ստեղծվեց Զինվորական շտաբ: Հայերի պաշտպանական գիծը կազմված էր հինգ շրջաններից և 73 դիրքից։ Պաշտպանական ուժերի կազմում էին` 71 խմբապետ, 1915 զինվոր, 505 հրացան, 540 մաուզեր։ 1915թ. ապրիլի 7-ին սկսված կռվին թուրքերը կենտրոնացրել էին բանակի 7 հազար զինվոր և հինգ հազար քուրդ ելուզակներ։

            Եկարյանը դրսևորում է անկոտրում կամք և կազմակերպչական տաղանդ։ 1915-ի մայիսին ռուսական բանակն առաջապահ ունենալով հայկական կամավորական գնդերը, մտավ Վան։ Մեկամսյա համառ հերոսամարտի շնորհիվ բնաջնջումից փրկվել էր 150 հազար վասպուրահայությունը։ Սակայն ուշքի չեկած` վանեցին ստիպված եղավ հրաժեշտ տալ իր տուն ու տեղին, հայրենի օջախին, բռնելով գաղթի ճամփան։ Եկարյանը կազմակերպում է գաղթողների զինված պաշտպանությունը։ Այդ հոգսերով տարված` նա կորցնում է նույնիսկ ընտանիքը։