Վախճանվեց տիկին Նորա Ազատյան-Իփեքյանը

376

Երեկ` ապրիլի 29-ի գիշերը, Դետրոյթում (ԱՄՆ), երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է տիկին Նորա Ազատյան-Իփեքյանը, կողակիցը հայտնի մտավորական եւ ազգային գործիչ Երվանդ Ազատյանի եւ մայրը նույնպես հայտնի դերասան եւ ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի։ Նկարիչ, ասմունքող, բազմարդյուն ուսուցիչ` տիկին Նորան ծնվել էր Եգիպտոսում, Իփեքյան ազնվական ընտանիքում, մեծացել ու դաստիարակվել ֆրանսիական միջավայրում, բայց միշտ մնացել ազգային-հայրենասիրական մթնոլորտում, Միհրան Տամատյանի, Վահան Թեքեյանի, Սարուխանի, Աշոտ Զորյանի, Օնիկ Ավետիսյանի եւ այլ մեծերի շնչի տակ։ Այդ շունչը նա պահեց մինչեւ իր վերջին շունչը, անգամ ամերիկյան հողի վրա, ուր 60 տարի առաջ տեղափոխվել էր ամուսնու հետ։ Դետրոյթում եւ դրանից առաջ այլ քաղաքներում իր վարվեցողությամբ, անմիջականությամբ եւ հուզականությամբ նա մնաց ֆրանսիական մշակույթի կրող, բայց, միաժամանակ, խորապես, ապրումներով եւ զգացականությամբ` հայ, հպարտ իր հայկականությամբ։ «Թեքեյանի հայու հոգին» կարծեք գրվել էր իր համար. նրա արտասանությամբ այդ քերթվածը ընդմիշտ կմնա տարբեր հանդիսությունների ժամանակ նրան ունկնդրածների սրտերում։ Ընդմիշտ կմնա նաեւ նրա ստեղծած դիմանկարը` ամենահարազատ Թեքեյանը։ Բազմաթիվ են նրա աշակերտները Կահիրեի Գալուստյան վարժարանից մինչեւ Դետրոյթի Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանի, որտեղ երկար տարիներ դասավանդել էր` աչքը միշտ սեւեռուն` խոստումնալից երիտասարդների վրա, ինչպես մեծատաղանդ նկարիչ Շանթ Ավետիսյանը, որի տաղանդը աճել է հենց տիկին Նորայի գուրգուրոտ խնամքի ներքո։

Տիկին Նորայի մահով փակվում է սփյուռքահայ կյանքի առանձնահատուկ էջերից մեկը` թրթռուն քնարականության, հայրենակարոտ զգացականության, ազգային արմատներին ընդմիշտ կառչածության։

Հարգանք` իր պայծառ հիշատակին։

Խորազգաց ցավակցություններ ամուսնուն` Երվանդ Ազատյանին, որդուն` Ժիրայր Բաբազյանին, մյուս հարազատներին եւ ընկերներին։

«ԱԶԳ»ի խմբագրություն, աշխատակազմ եւ ընթերցողներ