Ես ամբողջ կյանքում եղել եմ պետական պաշտոնյա, բայց երբեք նվաստի դերում հանդես չեմ եկել. ՀՀ երրորդ նախագահ

129

Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ, որովհետև, իմ պատկերացումներով, նա ուներ բոլոր արժանիքներն այդ պաշտոնի համար։ Այս մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է Մհեր Մկրտչյանի հետ զրույցում։

«Ես վստահ եմ, որ Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան եռանկյունին Հայաստանի համար մեծ օգուտներ կբերեր: Բայց, ինչպես ասում են, ոչ ոք իդեալական չէ, և մարդը սովորական պայմաններում, խաղաղ պայմաններում կարող է շատ արդյունավետ գործել, կարող է լինել շատ պատվախնդիր, բարոյական, իսկ իմ խորին համոզմամբ, մարդու էությունը դրսևորվում է էքսցեսների ժամանակ, մարդու էությունը դրսևորվում է կրիտիկական իրավիճակներում, և պատահական չէ, որ այդպիսի իրավիճակներում, օրինակ, պատերազմական իրավիճակներում, շատ երիտասարդ մարդիկ այդ հասակում դառնում են մեծ զորամիավորումների հրամանատարներ, գեներալներ և այլն: Սովորական պայմաններում նրանք չեն կարող դա անել: Եվ այդ նույն պատերազմի ժամանակ շատ մարդիկ, որոնք առաջին հայացքից շատ խրոխտ են, հուժկու են և այլն, դառնում են թուլամորթ, դառնում են դիրք լքողներ և այլն: Ցավոք սրտի, այդ դժվար իրավիճակում Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել, որովհետև գտնվում էր, կարծում եմ, շատ նսեմացված վիճակում: Նրան, բնականաբար, փորձեցին ենթարկեցնել …», – նկատել է ՀՀ երրորդ նախագահը:

Սարգսյանի խոսքերով` ամբողջ կյանքում եղել է պետական պաշտոնյա, իսկ վերջին 30 տարիներին մաս է կազմել իշխանությունների, բայց երբեք նվաստի դերում հանդես չի եկել:

«Պետք է ասեմ, որ ինձ համար անհասկանալի երևույթ է, թե մարդը ինչի համար պետք է նվաստանա, ինձ համար անհասկանալի մի բան է դա»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Հարցին, թե հեղափոխության ժամանակ ինչու ՀՀ երրորդ նախագահը չի դիմել Մոսկվային` նա նշել է, որ իր մտքով անգամ չի անցել ռազմավարական դաշնակցից խնդրել օգնություն՝ իշխանությունը պահելու համար:

«Դա ինձ համար շատ վիրավորական կլիներ: Ես ռազմավարական դաշնակցից, Ռուսաստանի նախագահից բազմաթիվ բաներ եմ խնդրել` խնդրել եմ մեզ ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել, և ցուցաբերվել է։ Ես խնդրել եմ նոր սպառազինություններ, նոր սպառազինությունների համար վարկեր տրամադրել, ես խնդրել եմ մեզ համար անհրաժեշտ սպառազինություն, որն այլ երկրների չի վաճառվում՝ արվել է, խնդրել եմ բազմաթիվ տարբեր տնտեսական հարցեր լուծել՝ այո, լուծվել են, բայց ես զանգեի, խնդրեի, ասեի՝ խնդրում եմ պահեք իմ իշխանությունը՞:

Ամոթ չէ, ռազմավարական դաշնակցից կամ մի այլ երկրի ղեկավարից ինչ-որ բան խնդրել երկրի՛ համար»,- ընդգծել է Սարգսյանը:

Աղբյուր` Փաստինֆո