1991 թ․ ապրիլի 30-ին, տեղի ունեցավ պետական ահաբեկչական գործողություն երկու հայաբնակ գյուղերի՝ Գետաշենի և Մարտունաշենի նկատմամբ

49

30 տարի առաջ՝ 1991 թ․ ապրիլի 30-ին, տեղի ունեցավ պետական ահաբեկչական ռազմական ծրագրված գործողություն Գետաշենի ենթաշրջանի երկու խաղաղ հայաբնակ գյուղերի՝ Գետաշենի և Մարտունաշենի նկատմամբ։ Խորհրդային Միության և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ իրականացրած «Օղակ»՝ «Կոլցո», ցեղասպանական գործողությամբ բռնագաղթի ենթարկվեց Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչությունը՝ ավելի քան 3500 մարդ։ Սպանվեցին ինքնապաշտպանության կազմակերպիչ և ընդհանուր հրամանատար՝ հետագայում ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը և նրա մարտական ըներները՝ Սիմոն Աչիքգյոզյանը, Հրաչ Դանիլեյանը, Արթուր Կարապետյանը Վալերի Նազարյանը, 3 տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ, 100-ից ավելի վիրավորվեցին, մի քանի տասնյակը անհետ կորավ կամ չվերադարձավ գերությունից։

«Օղակ» գործողությամբ Արցախյան հակամարտությունը թևակոխեց ռազմական փուլ․ սկսվեց Արցախյան պատերազմը, որն ընդհատումներով շարունակվեց՝ իրականում հետապնդելով նույն ծրագիրը, որն ի սկզբանե նախանշված էր՝ հայրենազրկել տեղաբնիկ հայ ժողովրդին իր իսկ հայրենիքից։ 

Այն, որ այդ ծրագիրը 100 տարվա վաղեմություն ուներ ու անշեղորեն այն իրագործելու պատրաստ ուժերը սպասում էին հարմար ժամանակի, արդեն վեր է կասկածից։ Այս ճշմարտություններն ակնհայտ են և չեմ ուզում երկար ծավալվել։ Ընդամենը մի դրվագ կմեջբերեմ 1991 թ․ ապրիլի 30-ից մայիսի 7-ը կատարվածի մասին մի գետաշենցու վկայությունից․

“Քնած էի, երբ ինձ արթնացրեց մեծ տղաս և ինձ ասաց, որ՝ պապա՛, թուրքերը զինվորների հետ մտել են գյուղը, տանկեր են գալիս, բետերներ են գալիս գյուղ, այդ պահին շատ ցածր, տների վրայով թռչում էին զինվորական ուղղաթիռներ՝ առջևի մասում գնդացիրներ։ Ես երեխաներին, մորս և կնոջս ասացի՝ դուք տանից փախե՛ք, ես մնամ, տեսնեմ ի՞նչ է կատարվում։ Նրանք փախան և նրանց փախնելուց շուրջ 5 րոպե անց, տուն մտան ռուս զինվորները ավտոմատներով և ձեռքի գնդացիրներով շների հետ միասին։ Նրանց հագին, ինչպես նաև նրանց հետ եղած օմոնականների հագին, կանաչավուն տերևներով զինվորական համազգեստներ էր։ Օմոնականները տարբերվում էին իրենց խոսակցական լեզվով, նրանք խոսում էին ադրբեջաներեն և հայհոյանքներ էին տալիս մեր հասցեին և ասում՝ ինչու՞ չեք հեռանում այստեղից։ Իմ տուն մտել են 50-60 զինվոր և օմոնականներ։ Նրանք քանդելով, ջարդելով տան գույքը՝ զենք էին ման գալիս, սակայն ոչինչ չգտան և թողեցին հեռացան։

Նրանց հեռանալուց հետո մտածեցի, որ պրծա նրանցից։ Նրանցից հետո եկան 6 հատ «Վիլիս» ավտոմեքենաներ, որոնք միլիցիայի ավտոմեքենաներ էին, գլխներին ունեին կապույտ միգալկաներ։ Իմ տան մոտ կանգնեցին այդ ավտոմեքենաները և նրանց միջից իջան շուրջ 20-25 օմօնականներ, որոնք նույն համազգեստով էին, ինչ որ զինվորները, բացի այդ էլ՝ 7-8 հոգի քաղաքացիական հագուստով էին։ Նրանք բոլորն էլ ավտոմատավորներ էին։ Նրանցից մեկը, որին ես ճանաչում եմ, որը Աղսու ավանից է, Մեգեռլամով (Մեջիթ) Մաջիթ, որը ստառշինա էր, ատրճանակը ուղղեց, որ ինձ կրակի սպանի, ես կանգնած էի իմ տան դարպասի մոտ։ Սակայն իրենց տղաներից չթողեցին, նրանք ինձ ծեծի ենթարկեցին, որից հետո ինձ դրեցին «Վիլիս» մեքենայի մեջ և սկսեցին տանս թալանը։

Ես տեսնում էի, որ տանիցս հանում էին գորգերը՝ 5 հատ, 4 հատ չամադան, որոնց մեջ աղջկաս օժիտն էր, սառնարանը՝ «Պոլյուս-9» տեսակի, հեռուստացույցը՝ «Ռեկորդ-303» տեսակի, բացի այդ քշեցին գոմից տարան 2 կովը, 2 փոքր հորթ՝ 10 օրական, ոչխարները՝ 14 հատ, 9 գառների հետ միասին և 1 մեծ աչառ։ Նրանք քշեցին անասունների հոտը, իակ ապրանքները լցրեցին Վիլիսի մեջ։ Գյուղի միջից լսվում էին ուժեղ կրակոցներ տարբեր զենքերից։ Այդ ժամանակ, երբ նրանք իրենց ավարը պրծան, իմ տան մեջ ինչ-որ բան պայթացրեին և տունս սկսեց վառվել։ Նրանք նստելով ավտոմեքենաները, ինձ էլ իրենց հետ,  շարժվեցին դեպի գյուղամեջ։ Ճանապարհին, երբ հասանք գյուղամեջ, 8-ամյա դպրոցի մոտ, այնտեղ հավաքել էին գյուղի ժողովրդին և ուժեղ կրակոցներ էր գնում։ Այդ մեքենաները կանգնեցին և օմօնականները իջան, այդ պահին ես ինձ գցեցի Վիլիսի միջից և փախնելով մտա մեր գյուղացիների մեջ։ Այդտեղ ծեծում էին երեխաներին, կանանց, ծերերին և երիտասարդներին։ Ծեծողները և զինվորներն էին և օմօնականները։ Ես շտապ լվացվեցի, քանի որ ծեծից դեմքս արյունոտ էր։ Ես լվացվեցի, որ ինձ չճանաչեն։ Այդ օմօնականները բռնեցին մի քանի հոգու, դրեցին «Վիլիս» ավտոմեքենան և տարան պատանդ։

Մենք գյուղացիներով փախանք մտանք մի հին լքյալ տան պադվալը, որպեսզի թաքնվենք, սակայն օմօնականները ավտոմատները ձեռքներին եկան մեզ գտան և սկսեցին կրակել օդ՝ մեզ վախեցնելու համար։ Զինվորները և օմօնականները եկան մտան այդ պադվալը։ Ստուգեցին մեզ, մեր անձնագրերը և ասացին՝ ինչու՞ չեք թողնում հեռանում։ Մի քանիսին սկսեցին նորից ծեծել։ Մեզ նրանք ասացին, որ, եթե մինչև վաղը ժամը 14-ը այստեղից չհեռանանք, ձեզ կոչնչացնեն։ Բացի այդ, նրանք մեզ ասացին, որ դիմումներ գրեցեք, տվեք կամենդանտին, և գրեք, որ ուզում եք գնալ Հայաստան կամ մի այլ տեղ։ Նրանք ասացին, եթե չգրեք և չներկայցնեք այդ դիմումները, կմտնենք ձեզ ամբողջովին կկոտորենք, իսկ եթե գրեք, ճանապարհը կբացենք և ձեզ, ուր ուզում եք, կտանենք։ Դրանից հետո թողեցին հեռացան, սակայն գյուղը շրջապատված էր շուրջ 60-70 տանկերով և օմօնականներով ու ռուս զինվորականներով։

Նրանք անընդհատ գնդակոծում էին գյուղը, որի հետևանքով քանդվում էին տները և այրվում։ Մեր գյուղում վառեցին շուրջ 10-15 տուն, դա միայն մեր թաղամասում, իսկ թե քանի՞ տուն են վառել գյուղում, չեմ կարող ասել։ Այդ օրը սպանեցին մեր գյուղից 18 հոգի, որոնք թաղվեցին՝ յուրաքանչյուրը իր այգում, քանի որ չէին թողնում գերեզմաններ տանել և թաղել։ Շատ-շատերը վիրավորվեցին։ Մայիսի 2-ին դեռ գնդակոծությունները շարունակվում էին, կրակում էին նաև տանկերի հրանոթներից և բետերների գնդացիրներից։ Ստիպված այդ վիճակից, մեր ժողովուրդը, համագյուղացիներից սկսեցին գրել նրանց պահանջած դիմումները, որ իբրև չեն ուզում ապրել այնտեղ։ Քանի որ ես չեմ գրել ուստի չեմ կարող ասել, թե քանի՞ մարդ է գրել այդ դիմումները։ Գնդակոծությունները շարունակվեց մինչև 1991 թ․ մայիսի 7-ը։

Այդ օրը առավոտյան գյուղի բոլոր կողմերից բարձրախոսներով հայտարարում էին ռուս զինվորները՝ ռուսերեն լեզվով, օմօնականները՝ ադրբեջանական լեզվով, որ դուրս եկեք հեռացե՛ք, թե չէ, ամբողջովին կկոտորենք։ Մեր գյուղացիներին քշեցին ավտոմատների կրակոցների տակ Կամո գյուղի մոտ գտնվող աէրոպորտը, որտեղ սկսեցին խուզարկել մեզ և թողնել ուղղաթիռները։ Խուզարկության ժամանակ ռուս սալդաթները և օմօնակնները վերցնում էին գյուղացիների դրամները, ոսկեղենը և լավ վեշերը։ Այդտեղ՝ աէրոպորտում, վերցրին տարան իմ ներկայությամբ 3 բժիշկների, որոնց տարան պատանդ։ Դրանից հետո ուղղաթիռներով մեզ տեղափոխեցին Կիրովաբադ, որտեղից լցրեցին ավտոբուսները և տեղափոխեցին Իջևանի սահմանը․․․>>։

Հ․Գ․ Ասեմ նաև, որ սա եղած վկայություններից ամենամեղմն է։ Այս վկայությունները տարիների ընթացքում ես հավաքել եմ ու շարունակում եմ հավաքել։ Դրանք սարսափելի են։ Միայն ընթերցելն արդեն իսկ հոգեկան դաժան ապրումների է հասցնում։

Արցախը հայաթափելու ծրագիրն իր վերջին «արարում»՝ 2020 թ․ աշնանը սանձազերծված պատերազմում, նույն ուժերի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ զրոյացրեց նախորդ պատերազմի ժամանակ հազարավոր հայորդիների արյան գնով ձեռք բերած հաղթանակները, նոր ցեղասպանության փաստի առջև կանգնեցնելով մեր ժողովրդին։

Պատմաբան Իրինա Բարսեղյան-Կրպեյանի ՖԲ էջից, –