Մեղսակիցների փնտրտուքը շարունակվում է

118

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների տրամաբանությունը ամբողջովին փոխվեց։ Եթե մինչ այդ ընդդիմությունը պայքարում էր ընտրության մասնակցած քաղաքացիների 80+%-ի վստահության քվեն ստացած իշխանությունների դեմ, ապա սկսյալ նոյեմբերի 9-ից՝ ընդդիմությունը պայքարում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող գործչի դեմ, ով ստորագրել է հայոց պատմության թերևս ամենախայտառակ փաստաթուղթը, որով թշնամուն հանձնվեց Արցախի Հանրապետության տարածքի մեծագույն մասը։     
Այս ամենից հետո տրամագծորեն փոխվեց նաև իշխանությունների գործելաոճը։ Երբեմնի լեգիտիմ իշխանությունները, որոնք պարծենում էին իրենց ժողովրդականությամբ, հեծանիվ վարում մայրաքաղաքում, մասնակցում զանգվածային միջոցառումների ու շփվում քաղաքացիների հետ, սկսեցին փողոցում շրջել հարյուրավոր թիկնապահներով, վարչական լծակներով փողոց լցնել, իրենց «ողջունողներ» փնտրել և գտնել։
Շատերի մոտ հարց է առաջանում. իսկ ինչու՞ են նրանք շրջում փողոցներում ու համակիրներ փնտրում, ինչու՞ են տարատեսական միջոցառումներ կազմակերպում ու հրավիրատոմսեր ուղարկում և վերջապես՝ ինչու՞ են հիվանդագին մոլուցքով փորձում արտահերթ ընտրություններ «կազմակերպել»։
Այս հարցի պատասխանը հստակ է։ Նրանք մեղսակիցներ են փնտրում։ Արվեստագետներ, ովքեր կմասնակցեն իրենց կազմակերպած միջոցառումներին, հանրային գործիչներ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կաջակցեն իրենց, ու նույնիսկ քաղաքացիներ, ովքեր սեփական տներում կընդունեն  իրենց ու իրենց թիմակիցներին։
Ոմանք առանց հասկանալու մտնում են այս խաղի մեջ. պայմանավորվում իշխանությունների հետ և այս կամ այն կերպ դառնում նրանց մեղսակիցը։ Հարկ է միայն մեկ բան հիշեցնել այս մարդկանց։ Ցանկացած հանցանք ու նամանավանդ հազարավոր երիտասարդների ու հայրենիքի կորուստը վաղ թե ուշ պատժվում է։
Փաշինյանն ամեն ինչ անում է, որ կամ ձեր միջոցով հետաձգի պատիժը կամ կիսի պատիժը՝ ձեր հետ միասին։