Էկոնոմիկայի նախարարը երևի մտածում էր՝ այդ սահմանափակումները չկան, բազան էլ փոքր է՝ կկարողանան էական աճ նկարել․ տնտեսագետ

97

Երբ իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները խոսում են տնտեսության, տնտեսական միտումների մասին, հաճախ դրանք բնութագրում են այնպիսի դրական, տեղ-տեղ՝ գերադրական լավատեսությամբ, որոնք համադրելի չեն առկա դրամի արժեզրկման, գնաճի, ներդրումների ձախողման հետ։

«319-ով աճ՝ տուրիզմի ոլորտում», «երկնիշ տնտեսական աճ», «մի քանի միլիարդ դոլարի ներդրում անելու պատրաստ ներդրողների խումբ», «մարտ ամսին սպասվող տնտեսական աճ», «գրանցված աշխատատեղերի բացարձակ թվի ռեկորդ»․ հայրենի իշխանությունների այս մոտեցումն աշխարհում հայտնի է wishful thinking (ցանկալին իրականի տեղ ընդունել) եզրույթով։

Հայաստանի վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է տնտեսական վերջին ցուցանիշները․ ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում այս տարվա հունվար-մարտ ամիսներին դեռ զիջում է 2020թ․ հունվար-մարտի ցուցանիշին։ Նկատենք, որ 2020թ․ մարտի երկրորդ կեսում ՀՀ տնտեսությունը` համավարակով պայմանավորված՝ անցել է lock down ռեժիմի։

Այսինքն՝ անգամ պաշտոնական ցուցանիշներն են հուսախաբ անում պաշտոնյաներին։ Ի դեպ, այս վիճակագրության մեջ առկա չէր նաև մարտ ամսի համար Էկոնոմիկայի նախարարի կանխատեսումը, թե այս մարտին նախորդ տարվա մարտի համեմատ՝ կունենանք 7-7.5 տոկոս աճ․ 2021 թվականի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.8 տոկոս աճ:

Ցուցանիշները, որոնք որպես աճ են ներկայացվում նախորդ տարվա հատկապես մարտ-մայիս ամիսների համեմատ, տնտեսագիտական տարբեր շրջանակներ չեն համարում օբյեկտիվ։

«2020 թ․ մարտին արդեն սկսվեց երկրի տնտեսության համատարած լոքդաուն՝ սահմանափակումներ հանրային կյանքում, տնտեսական ոլորտներում և այլն, բնականաբար, նաև փոքրացավ տնտեսական ծավալը, ու համեմատությունն այդ բազայի հետ, իհարկե, պետք է ցույց տար որոշակի աճ,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ նույնիսկ այս պարագայում, երբ համեմատում են անհամադրելի ցուցանիշները, արձանագրվել է ընդամենը 3.8 տոկոս տնտեսական ակտիվության աճ,- Այսինքն՝ էկոնոմիկայի նախարարը, երբ 7-7.5 տոկոսի աճի կանխատեսումն անում էր, երևի մտածում էր՝ իրականում այդ սահմանափակումները չկան, բազան էլ փոքր է, կկարողանան էական աճ նկարել, բայց չկարողացան, որովհետև ինչքան էլ ուռճացվեցին մարտ ամսվա տվյալները, ստացվեց 3.8 տոկոս։

Մյուս կողմից՝ այս տարվա հունվար-մարտը նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ՝ տնտեսական ակտիվությունը դեռևս չի էլ վերականգնվել․ այսինքն՝ այս երեք ամիսների համեմատականով մենք դեռ տնտեսական անկման մեջ ենք»։

Անդրադառնալով հրապարակված մյուս ցուցանիշներին՝ Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ շարունակում են ցածր մնալ հատկապես առևտրի ու ծառայությունների ոլորտների ցուցանիշները, իսկ հիմնական աճը, որն արձանագրվել է, եղել է շինարարության ոլորտում, ինչը, ըստ նրա, պայմանավորված է քաղաքական գործոնով․ «Գիտեք, առջևում ընտրություններ են, և օրվա իշխանական խմբակը փորձում է մարդկանց ցույց տալ կատարվող ինչ-որ աշխատանքներ»։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ որակական խնդիրները, գործոնները, որոնք բերել են անկման, շարունակում են մնալ և ամեն օր ստանում են նոր դրսևորումներ․ «Խոսքը վերաբերում է երկրից կապիտալի փախուստին, չկան ուղղակի կապիտալ ներդրումներ․ Սահմանադրական դատարանի «հարցը լուծեցին», ներդրումները չեղան, տոտալ ճնշումներով և էյֆորիայով ԱԺ-ի «հարցը լուծեցին»՝ 72 տոկոս քվե «գողացան» պոպուլիզմով, նորից ներդրումներ չեղան, չկան covid 19-ի սահմանափակումները, բայց, միևնույն է, այդ ներդրումները կրկին չկան։

Հաջորդ կարևոր հանգամանքը, որ օր օրի խորանում է, տնտեսվարողների և քաղաքացիների վարքագիծն է, որն էապես փոխվել է բացասական սպասումների ֆոնին․ սրանք ինչքան էլ երկնիշ աճեր խոստանան և փորձեն քողարկել ապիկար վարքագիծը, միևնույն է, տնտեսվարողները և քաղաքացիներն անցել են ավելի խնայողությունների ռեժիմի (պահանջարկն է կրճատվում):

Եվ այս սպասողական ֆոնի վրա հյուծվում է մեր տնտեսությունը, կրճատվում է մեր տնտեսական համակարգի ներուժը, ինչը վտանգավոր է»։

Yerkir.am