Քչերը կարող են հասկանալ իմ ապրումները. Արմին Վեգներ

46

BlogNews.am-ի խմբագիր Արամ Գևորգյանի ՖԲ էջից, –

Լուսանկարում Արմին Վեգներն է։ Գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր։ Նա Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական սատիտարական կորպուսում։ Նա նաև Հայոց ցեղասպանության ականատես էր։

1918 թ․ վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ Դրանք Վեգները իր կյանքի գնով է լուսանկարել, որպեսզի աշխարհին ցույց տա թուրքերի անմարդկային վայրագությունները։ Նա նաև 1921թ. որպես վկա ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում։

1968 թ.–ին, իր կյանքի մայրամուտին, նա եկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 82 տարեկան հասակում ծնկի իջավ միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի առջև։

Այցից հետո նա գրել է. «… Ծնկի եկա անգերեզման հայերի հավիտենական կոթողի առջև ու խոնարհվեցի նահատակների հոգին խորհրդանշող անմար կրակի առաջ: …Աչքերիս առջևով անցան անապատի վրանները, սովահար մանուկները, համաճարակի զոհերը: Քչերը կարող են հասկանալ իմ ապրումները…»:

Թուրքի իրականացրած հայերի առաջին Ցեղասպանությունից անցել է 106 տարի, վերջին ցեղասպանությունից՝ 6 ամիս, բայց անգամ այս վերջին հանգամանքը դաս չի լինում մեր ժողովրդին։ Հայրենի իշխանությունները, իրենց թրքացած կողմնակիցների ու աջակիցների հետ անհասկանալի սեր են տածում հայ ժողովրդի պատմական թշնամիների հանդեպ։ Ուզում են բարեկամանալ, լավ ապրել, մոռանալով, որ օսմանյան կայսրությունում էլ էին հայերը շատ լավ ապրում, բայց տեսանք, թե ինչ եղավ։ Վեգները գերմանացի էր և չէր կոտորվել թուրքերի կողմից, բայց ինքը լավ գիտեր թուրքի արյունարբու տեսակը։ Հայը, որ կոտորվել ու կոտորվում է թուրքի ձեռքով, համառորեն ձգտում է դեպի իր դահիճը։