Վարչապետը հրաժարական է տալիս, բայց վարչապետը հրաժարական չի տալիս․ «Հրապարակ»

105

«Վարչապետը հրաժարական է տալիս, բայց վարչապետը հրաժարական չի տալիս: Պաշտոնի անվան ձևակերպման մեջ ավելանում է երկու բառ՝ ժամանա­կավոր պաշտոնակատար: Ընդամենն այսքանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դառնում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան: Մնացած ամեն ինչ նույնն է մնում, և ամեն բան իր տեղում է մնում: Մեկ էլ կառավա­րության անդամներն են նույն ձևաչափով դառնում ժամանակավոր պաշտոնակատարներ՝ իրենց տե­ղում, իրենց գործին: Եվ Ազգային ժողովն է արձակվում ժամանակավորա­պես, պատգամավորներն ամբիոնից կամ նստած տեղից ելույթ ունենալու փոխարեն դեմ առ դեմ կհանդիպեն մարդկանց, նույնը կասեն ընտրարշա­վի օրերին: Ձև է և ձևականություն:

Ժամանակավոր հրաժարական է տալիս նույն օրը, երբ երեք տարի առաջ Հանրապետության հրապա­րակում հայտարարեց, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ: Սպառնալիքը նույնն է՝ կամ հունիսի 20-ին ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ: ժամանա­կավոր պաշտոնակատար է մնում այն դեպքում, երբ երեք տարի առաջ նույն հրապարակից հայտարարում էր, որ հրաժարական տված վարչա­պետը չի կարող մնալ ժամանակա­վոր պաշտոնակատար:

Այն, ինչ չեն արել նախկինները, անում են ներկաները: Այն, ինչ չէր կարելի Սերժին ու մյուսներին, կա­րելի է Նիկոլին ու իր թիմին: Սահմա­նադրությունը Սերժին թույլ չէր տա­լիս, Սահմանադրությունը Նիկոլին թույլ է տալիս: Պարզվում է՝ Սահմա­նադրությունը մի դեպքում հոպարի տղա է, մյուս դեպքում հոպարի տղա չէ:

Նիկոլն այսօր անում է այն, ինչը երեկ մերժում էր: Ժողովրդին խոթում է այն կեղտաջուրը, որից պայքարում էր դուրս գալ ժողովուրդը, և որի արդյունքում էլ՝ պայքարի ալիքի վրա, Նիկոլը եկավ իշխանության: Եկավ, որ չանի այն, ինչ հիմա է անում: Եկավ, որ մեզ այդ անելու պարտադրանքից ազատի: Ոչ միայն խոստացել էր, այլև հենց դա էր նրա իշխանության գալու առիթն ու պատճառը:

Աղտը մերժում էր, երբ ընդդի­մություն էր, նույն աղտը կիրառում է, երբ իշխանություն է: Ինքն է որո­շում ընտրությունների օրը, ինքն է կազմակերպում ընտրությունները: Ինքը մնում է կառավարության ղե­կին և օգտվում իշխանական բոլոր լծակներց, կիրառում դրանց հնարավորությունները: Ուսուցիչներին հրահանգում են աշակերտներին հավաքել և բերել Նիկոլին ընդա­ռաջ, համայնքապետ ու մարզպետ մարդկանց բերում են Նիկոլի հրա­պարակ: Այս ամենն ամեն օր է հաստատվում:

Դեռ չի հայտարարվել ընտրարշավ, բայց Նիկոլը մարզերում զբաղված է ակտիվ քարոզչությամբ: Այլ կերպ չես կարող բնորոշել, քան անօրինական քարոզարշավ: Այս անօրինականությունը շարունակվե­լու է ամեն օր՝ բոլոր հնարավոր մի­ջոցներով, և՛ ընտրության օրը, և՛ ընտրատեղամասերում: Մենք տեսնե­լու ենք շատ ավելի խայտառակ ընտրություններ, քան տեսել ենք և կարող էինք երևակայել մեր հոռետե­սական պատկերացումներում:

Բարոյական մարդը հրաժա­րականից հետո վայր կդներ լիա­զորությունները և թույլ կտար ընտրությունները կազմակերպեր բոլորի կողմից վստահելի մեկը՝ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Ընտրություննե­րին կմասնակցեր հավասար իրավունքով ու միջոցներով: Միայն այդ դեպքում արդարացիորեն կո­րոշվեր ունեցած իրական հնարավո­րությունն ու վստահությունը: Բայց սա մենք չենք տեսնի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։