Մանիֆեստ

199

Մեր մտքերում, մեր սպասողական օրացույցներում վաղուց չգիտես թե ինչու օղակել ենք հունիսի 20-ը, ու փորձում ենք գուշակել՝ արևո՞տ օր է լինելու, թե՞ ամպամած: Ամենուրեք խոսում են ու փորձում մարգարեանալ, թե հունիսը նշանակալի է լինելու: Թեպետ օրենքով սահմանված քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց ամբիոններից մարդիկ իրենց խոսքի տողատակում մոխրագույն քարոզ են անում: Դե իհարկե արդարանալու համար պայմաններն ու ժամանակը սուղ են: Տպավորություն է, որ անձերն ու իրենց գործողությունները հայկական գորշ սերիալային վերնագրերն ու սյուժեններն են արտացոլում, օրինակ՝ « Անմեղ մեղավորները » կամ հակառակը, « Հարազատ թշնամիները » կամ հակառակը, « Գեներալի աղջիկը» կամ հակառակը: Մեղավորներն անմեղանում են, երեկվա հարազատները՝ թշնամանում, իսկ գեներալի աղջիկը… Ամբիոնների բարձրախոսները, որ ծռմռվում են ամեն «բարձրագոչ» ելույթից, վերածվում են Սահակաշվիլու «գալստուկի», և նյարդային ձայներ հնչեցնելով՝ հանցավորների ձեռքին դառնում մեղսակից: Եվ, ի դեպ զանցառական սուտն այժմ նոր հանդերձանք ունի. «սպասենք հունիսի 20-ին»:

Ավելորդ չեմ համարում մեջբերել կարծիքս դեռևս չկայացած ընտրությունների վերաբերյալ, անհանգստանալով, որ մի գեղեցիկ և բարձրագոչ ելույթից հետո գուցե խաթարվի հունիսյան ընտրությունը, որի գունավոր հեռանկարով նախշում են հասարկությանն ամեն օր: Հետաքրքիր է լսել «պետք է լինի»-ով սկսվող գունավոր նախադասություններ պաշտոնյաներից, որոնց թվում է, թե իրենք ուղղակիորեն խոսելու համար են վարձատրվում և համարվում սուպեր պաշտոնյա: Ես որպես հհ քաղաքացի, որպես իմ ծառայությունը մատուցած և մատուցող քաղաքացի, ընդվզեմ այդ «պետք է լինի»-ի պահանջատիրական հոխորտոցի դեմ և առաջ բերեմ արարողակարգային մի չնչին, բայց կենսավետ փոփոխություն, որն ի դեպ պետք է իրագործեք դո՛ւք, գալիք պաշտոնյանե՛ր: Իսկ ինչո՞ւ չերդվել Եռաբլուրում որպես գերագույն գլխավոր հրւամանատար. կարծում եմ՝ աշխարհում չկա մի դահլիճ, որ կարողանա փոխարինել հերոսական բլրի սրբազան խորհրդին: Կարելի է հանդուրժել քաղաքական մանրևումները, որոնք ուղղվում են մեզ՝ ապրողներիս, բայց այդ ժամ, որ ստեք հերոսական պառկած մեր եղբայրներին՝ նույնիսկ չեն հասցնի պատժել Ձեզ ավետարանն ու օրենսգիրքը (չնայած կա մի մտավախություն ևս՝ ավետարանն ուրացողն ուրիշ էլ ինչի՞ց վախենա)։

Երդվե՛ք եռաբլուրում, այն եկեղեցու նշանակություն ունի: Ուրիշ ու՞մ առջև եք պարտական եթե ոչ նրանց, ովքեր համատարած եռագույնների պուրակում ավելի ամուր են պառկած հողի տակ, քան մենք կանգնած ենք ասֆալտներին, և նրանք ավելի մեծ հպարտությամբ են ստվերում իրենց մարմինը եռագույնով, քան մենք երբևէ ձեռքներս առնելով: Շտապի՛ր, ժամանակ կոչվող փոցխ, և լծվիր բարենպաստ քո աշխատանքին, որ պիտի մեր այս քաղաքական անմշակ արտը մաքրես սեզերից ու մոլախոտերից, որոնք աճեցին չգիտես թե որտեղից, չգիտես թե ինչպես, չգիտես թե ինչու: Որպես հայ հուսանք, որ դեռ կգա բարեխիղճների ժամանակը, և մենք այլևս հաճույքով կհավատանք ծամծմվող խոստումներին:

Վարդան Մկրտչյան