Աշխարհը շարունակում է զինվել․ կտրուկ ավելացել են առաջատար երկրների ռազմական ծախսերը

204

Ստոկհոլմի խաղաղության միջազգային​ հետազոտությունների ինստիտուտն ապրիլի 26-ին հրապարակել է նոր զեկույց՝ ներկայացնելով ընդգրկուն տեղեկատվություն 2020-ի ռազմական ծախսերի վերաբերյալ

2020 թվականի ամփոփ տվյալներով աշխարհի առաջատար երկրներն իրենց ռազմական ծախսերը զգալիորեն ավելացրել են։ Ռազմական բյուջեի ավելացման միտումն առկա է նաև 2021 թվականին, և սա այն դեպքում, երբ կորոնավիրուսային համաճարակը մեծապես ազդել է գրեթե բոլոր պետությունների տնտեսությունների (և ոչ միայն) վրա՝ խոչընդոտելով վերջիններիս զարգացումը։ Հակառակ դրան, աշխարհում ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են մինչև 1,981 տրլն դոլար: Սա 2,6% -ով ավելին է, քան 2019-ին:

Ըստ փորձագետների, սա, առաջին հերթին, պայմանավորված է աշխարհում քաղաքական անկայունության զգալի աճով։

Այսպես, Ստոկհոլմի խաղաղության միջազգային​ հետազոտությունների ինստիտուտի​ (SIPRI) հրապարակած նոր զեկույցի համաձայն, Ադրբեջանը 2020 թվականին 17 տոկոսով ավելացրել է ռազմական ծախսերը՝ հասցնելով 2 միլիարդ 238 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը 2020 թվականին ոչ միայն չի ավելացրել իր ռազմական ծախսերն, այլև՝ կրճատել է 2,5 տոկոսով։ Բաքվի ռազմական ծախսերը 2020-ին կազմել են երկրի ՀՆԱ-ի 5,4 տոկոսը, Հայաստանի ռազմական ծախսերը՝ 4,9 տոկոսը։

2020 թվականին Թուրքիան իր ռազմական ծախսերը կրճատել է 5 տոկոսով․ անցած տարում Անկարայի ռազմական ծախսերը կազմել են 17 միլիարդ 700 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդուհանդերձ այս պետությունն իր բանակի վրա ծախսած գումարներով տարածաշրջանում մնում է բացարձակ առաջատար։

Իրանի ռազմական ծախսերը 2020 թվականին 3 տոկոսով կրճատվել են՝ կազմելով 15 միլիարդ 800 միլիոն ԱՄՆ դոլար։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, Վերջին տարիներին Թեհրանի ռազմական բյուջեի շարունակական կրճատումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներով․ 2018-2020թթ․ Իրանի ռազմական բյուջեն կրճատվել է շուրջ 20 տոկոսով։

SIPRI-ի հրապարակած ցանկի առաջին հինգ պետություններին՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան և Միացյալ Թագավորություն, բաժին է հասնում համաշխարհային ռազմական ծախսերի 62%-ը ։

Ընդհանուր առմամբ, 2020-ին համաշխարհային ռազմական ծախսերը տարեկան կտրվածքով աճել են 2.6%-ով, իսկ համաշխարհային համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 4.4%-ով։ Որպես երկրորդ ցուցանիշի նվազման պատճառ փորձագետները նշում են COVID-19 համաճարակի տնտեսական հետևանքները:

ԱՄՆ-ի ռազմական ծախսերը աճել են նաև 2020 թվականին: Նախորդ տարում պաշտպանության վրա ԱՄՆ-ն ծախսել է շուրջ 778 միլիարդ դոլար՝ 2019-ի համեմատ 4,4%-ով ավելի: ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 2020 թվականին կազմել է աշխարհում ընդհանուր ռազմական ծախսերի 39%-ը։

Չինաստանի ռազմական բյուջեն, որը աշխարհում մեծությամբ երկրորդն է, նախորդ տարում կազմել է 252 միլիարդ դոլար՝ 2019 թվականի համեմատությամբ 1,9%-ով ավելին իսկ նախորդ տասնամյակի համեմատությամբ՝ 76%-ով ավելին։ Չինաստանի ռազմական ծախսերն աճում են 26 տարի անընդմեջ։

Ռուսաստանի ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 2,5%-ով և կազմել 61,7 միլիարդ դոլար, թեև այս ցուցանիշը նախատեսվածից ցածր էր 6.6%-ով։ Զեկույցի հեղինակները դա բացատրում են COVID-19-ի ազդեցությամբ:

59,2 միլիարդ դոլարով Մեծ Բրիտանիան ունի հինգերորդ ամենամեծ ռազմական բյուջեն: 2020-ին այս երկրի ռազմական ծախսերը 2.9%-ով բարձր են եղել, քան 2019-ին, և միևնույն ժամանակ 4.2%-ով ավելի ցածր 2011-ի ցուցանիշներից:

Գերմանիան իր ռազմական ծախսերն ավելացրել է 5,2%-ով՝ կազմելով 52,8 մլրդ դոլար։ 2020 թվականի Գերմանիայի ռազմական ծախսերը 28%-ով գերազանցում են 2011-ի ցուցանիշներին։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 4%-ով:

Բացի Չինաստանից, Հնդկաստանը (72,9 միլիարդ դոլար), Ճապոնիան (49,1 միլիարդ դոլար), Հարավային Կորեան (45,7 միլիարդ դոլար) և Ավստրալիան (27,5 միլիարդ դոլար) այն երկրներն են, որոնք ամենամեծ ռազմական ծախսերն են կատարում Ասիայում և Օվկիանիայում: Բոլոր չորս երկրները 2019-2020 թվականներին ավելացրել են իրենց ռազմական ծախսերը։

Առավել մանրամասն՝ այստեղ։ https://www.sipri.org/sites/default/files/2021-04/fs_2104_milex_0.pdf