Հայերն ունեն խորքային համոզմունք, որ իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում ու դրա համար պետք է դրսերում հովանավոր գտնեն

72

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից, –

Ամեն ժողովուրդ ունի իր մշակութաբանական գենետիկան, այսինքն աշխարհի մասին խորքային կարծրատիպերը, որից ազատվելը շատ դժվար է ու երբ թվում է, թե որևէ իրադարձության պատճառով կարծես թե այդ կարծրատիպերից սկսում են ազատվել, նորից կտրուկ շրջադարձ է կատարում դեպի այդ հին կարծրատիպերը, կամ այլ կերպ ասած աշխարհայացքային դոգմաները:

Արցախի առաջին պատերազմում հաղթանակ տանելուց հետո կարծես թե փոխվում էր այդ գլխավոր կարծրատիպերից ամենաառանցքայինը, սակայն հիմա նորից հին մտածողությանն ենք վերադառնում:

Հայերն ունեն խորքային համոզմունք, որ իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում ու դրա համար պետք է դրսերում հովանավոր գտնեն, ով պետք է գա և մեր խնդիրները լուծի,այսինքն իրենց քաղաքական իշխանությունը հանձնեն դրսի կառավարմանը, պահելով այսպես ասած  “ազգային ինքնությունը”, հանուն ինքնանպատակ գոյատևման։

Դա ունի պատմական արմատներ, որում չեմ ցանկանում շատ խորանալ, ընդամենը կարճ կասեմ։ Դեռևս 5-րդ դարում ինքնակամ հրաժարվելով քաղաքական սուվերենությունից՝ գահընկեց անելով թագավորին, ընտրեցին “ազգ-կրոնական համայնք” մոդելը։ Մենք որոշակի բացառություններով նման համայնքի կարգավիճակով ենք ապրել 1500 տարի,։ Այդ մոդելը լավագույն ձևակերպումը Օսմանյան կայսրությունում է տրվել՝ միլլեթ։

Արցախյան երկրորդ պատերազմում պարտվելուց հետո արագ թափով վերադառնւմ ենք մեր բնական վիճակին։

Բայց դա էլ մի կողմ դնենք, այլ խոսենք ավելի մի այլանդակ երևույթի մասին։ Երբ սկսվում է դրսից հովանավոր գտնելու փնտրտուքներն, այդ ժամանակ համայնքը կիսվում է, մի մասը համարում էր, որ Պարսկաստանն է լավ հովանավոր, մյուս՝ Բյուզանդիան, հետո սկսում են համարել, որ արաբներն ավելի լավն են, հետո մոնղոլները, կարա-կոյունլուները, կաթոլիկ Եվրոպան ու այդպես շարունակ։

Հիմա նույնն է կատարվում, համայնքը կիսվել է երկու մասի, մի մասը համարում է, որ ռուսներն են լավ հովանավոր, մյուս մասը՝ Ամերիկան։ Հետո, երբ իրավիճակը փոխվի, կբաժանվենք Իրանի ու Թուրքիայի կողմնակիցների։ Ու սկսում ենք մեր ծառայություններն առաջարկել ընտրված հովանավորին, ընդդեմ հակառակ կողմի, բնականաբար, ցեղասպանական ռիսկերով հղի։

Հետո նեղանում ենք, որ հովանավորը ոչ թե մեր շահերով է շարժվում, այլ իր ու դա խորքային հիասթափության պատճառ է դառնում, հաջորդ փուլում այդ ամենն աշխարհի անարդար լինելու մասին պոեմների թեմա է դառնում։