Ասկերանի Նախիջևանիկ գյուղի վարելահողերից 172 հա անցել է ադրբեջանական վերահսկողության տակ.ՀԵՏՔ

218

Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի վարելահողերից 172 հա արցախյան  44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանի խոսքով՝ 120 հա էլ մնացել էր 3 կողմից ադրբեջանական շրջափակման մեջ, սակայն համայնքի ղեկավարը գյուղի բնակիչների հետ դիմել է ռուս խաղաղապահներին, վերջինները բանակցել են ադրբեջանցիների հետ, որպեսզի գյուղացիներն իրենց տարածքներում կարողանան գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։

Եղել են դեպքեր, երբ գյուղի խոշոր և մանր եղջերավոր անասունները հատել են գյուղի սահմանն ու անցել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներ, ադրբեջանցիները անասուններին չեն վերադարձրել։ Նախիջևանիկն ունի 256 բնակիչ։ Գյուղապետի խոսքով՝ պատերազմից հետո գյուղը չեն լքել։ Չբնակեցված տներն էլ պետք է բացվեն, որպեսզի ադրբեջանական վերահսկողության տակ անցած գյուղերի բնակիչները կարողանան բնակվել։ Նախիջևանիկը հակառակորդի դիրքերից 150 մետր հեռավորության վրա է գտնվում։ 

«Ես այգի եմ մշակում, 100-150 մետրի վրա իրանց դրոշը տնկած ա։ Իմ այգու վերջին ծառն ու իրենց դրոշը 150 մետր են իրարից հեռու, լավ է, որ գոնե մարդիկ մի քանի վարելահող են ունեցել ու դրանցից մեկն է անցել ադրբեջանական վերահսկողության տակ, մյուսը մնացել է իրենց, գուցե նաև հողերի վերաբաշխում լինի, դեռ հստակ ոչինչ չկա»,- ասում է գյուղապետը։ Բացի հողագործությունից, գյուղում զբաղվում են նաև անասնապահությամբ։

Մեր այցելության օրը գյուղում շաբաթօրյակ էր։ Համայնքի բնակիչները գյուղապետի հետ մաքրում էին գյուղի տարածքը։ Սևակ Պետրոսյանը, որ գյուղը ղեկավարում է 2019-ից, ասում է՝ ամեն տարի ապրիլ ամսին՝ մայիսի 9-ի նախաշեմին, ինչպես Արցախի շատ գյուղերում ու քաղաքներում, այնպես էլ Նախիջևանիկում պարտադիր շաբաթօրյակ է իրականացվում։ «Այս տարվանը տխուր է անցնում, բնակիչներն առաջվա սիրտը չունեն»,- ասում է Պետրոսյանը։

Գյուղում 0-6 տարեկան 34 երեխա կա, բայց մանկապարտեզ չկա։ Հարևան Վարդաձոր համայնքն ու Նախիջևանիկը միասին մեկ դպրոց ունեն։ Նախիջևանիկի սահմանները հսկում են Ասկերանի զորամասի զինծառայողները։

Հետք