Րաֆֆիի դամբարանին ջահին առջև, որ հրդեհեց մեր երիտասարդությունը և ապագային խորունկ խորքերը լուսավորեց, կը խոնարհինք երկյուղածորեն ու կը համառինք երազել ԽԵՆԴԻՆ երազը

244

             Դանիել վարուժանի` հայ մեծ վիպասան Րաֆֆուն նվիրված  հոդվածը տպագրվել է 1913 թվականին «Ամսօրյա տեղեկատու Մուրատ-Ռափայելյան նախկին աշակերտաց միության» հանդեսում, և հենց առաջին հրատարակությունից էլ նույնությմաբ  տպագրվել և զետեղվել է  Դանիել Վարուժանի Երկերի լիակատար ժողովածուի երրորդ հատորում, որն ընդգրկում է գրողի գեղարվեստական արձակը, հոդվածները, ելույթները, նամակները:
Հոդվածը ընթերցողին ենք ներկայացնում ամբողջությամբ.

            «Հայ մեծ վիպասանին մահվան 25-ամյակը պիտի կատարեն մոտերս Լոնտոնի մեջ, ուր կապրի դեռ իր այրին` շարունակողը «Կայծերուն» վերջին մասնին[1], զոր հեղինակը իր մահվան պատճառով չէր կրցած ավարտել:
            Րաֆֆի հայ վիպագրության հայրը եղավ. Մեր Սքոթը, եթե կուզեք, որ կրցավ կենդանի կերպով ոգեկոչել անցյալը և մարգարեանալ ապագան:
            Մեր պատմական դրվագները ուրվագծվեցան կարգ մը հայ բանաստեղծներու լարերով, Ծերենց զանոնք կանդանացուց, իսկ Րաֆֆի անմահացուց` տալով անոնց երանք, շունչ, միս ու ոսկոր գրեթե: «Սամվել» և «Դավիթ Պեկ» այլևս չեն քողարկվիր պատմագրի մը սակավաթիվ էջերուն վրա`դարերու մշուշով աղոտացած: Անոնք, և դեռ մյուս դեմքերը, լուսավորված իրենց հատուկ տիպարներով ու հոգեբանությամբ, շրջան կընեն խրճիթե-խրճիթ, սերունե-սերունդ, ու ամեն շրջանի մեջ անոնք մաս պիտի կազմեն այսուհետև ժողովուրդյան առօրյա կենցաղին ու երազներուն: Րաֆֆի կուտար պատմական վեպը, ու անցյալը դուրս ելլելով հմտականության նեղ խղիկներեն` կը ժողովրդականանար ու լըլլար սեփականությունը ամենուն:
            Րաֆֆի տվավ հերոսներ անցյալի և ապագայի: Իր ապրած ներկայեն շատ բան չառավ ան: Պատմական դեմքերու վրա կը չափեր ու կը նկարեր այն դյուցազները, որոնք պիտի գային և պետք էին գալ` առաջ բերելու համար հայ կյանքին մեջ Հեղափոխությունը, Անհրաժեշտը ու Փրկարարը: Հայ մարտական շարժման պատրաստողներն եղավ ան: Չքարոզեց միայն` այլև ծրագրեց Հեղափոխությունը: Դժվար է գտնել ֆետայի մը, որ կարդացած չըլլա անոր Խենդ ու Կայծերը:Անդրանիկ ու Եփրեմ քալեցին Վարդանին` Խենսի հերոսին ճամբով: Սերոբ Աղբյուր և Գեորգ Չավուշ Ասլանի մարմնացումը եղան: Հայ հեղափոխությունը իրականության վերածեց Րաֆֆիի ոչ-պատմական կոչված վեպերը: Ասիկա մեծ տաղանդին ուժն էր, որ կը հրապուրեր ապագան և իր սկզբունքներուն կը հպատակեցներ այն կայծկլտուն սաղմերը, որոնք հետո պիտի բռնկեին ու առաջ բերեին ազգային կյանքին մեջ ահագին հեղաշրջում մը քաղաքական, ընկերային և հոգեբանական:
            Եվ դեռ այսօր նոր սերունդը զերծ չէ անոր վեպերուն դյութանքե: Ճանչցվեցան անոր գաղափարները, ապրվեցան անոր հերոսները, բայց դեռ կա Րաֆֆիի մեծագույն մարգարեւոթյունը, որ ԽԵՆԴԻՆ վերջին գլուխը կը կազմե: Հայրենի երկրին ապագան ուրվագծած է հոն մեծ վիպասանը. Բեղնավոր ու շինարար կյանքըմ զոր կապրի հայ ժողովուրդը այդ էջերուն մեջ անշուշտ մեռյալ տառ պիտի չմնա` ինչպես չմնացին իր բոլոր մյուս գուշակություններն ու քարոզները. Պիտի իրականանա ան, երազը մարմին պիտի առնե ու մարգարեւոթյունը` կատարում:
            Ինչպես կը տսնենք`Րաֆֆիի տաղանդը ինչչափ ազդեցություն ներգործեր է ամբողջ ժողովուրդի մը ճակատագրին վրա: Այդ ազդեցության մեջ որոշ բաժին ունեցաեր է նաև իր հոսուն լեզուն և հրապուրող արվեստը:
            Իր արվեստը գերազանցորեն ժողովրդական է և հետաքրքիր վիպասանի շահագրգռող հատկություններն ունի ան:
Իր վեպերը այն տեսակ երկերն են, որոնց համար քունդ կը զոհես մեկ գիշերվան մեջ ավարտելու հատոր մը: Իր տիպարները պարզ են, առանց նկարագրի բարդություններու: Այնքան ալ մանրակրկիտ կերպով վերլուծած չէ զանոնք. և այս գուցե իր գլխավոր թերությունն ըլլա, թերություն մը, որուն վրա պիտի պնդե գեղագիտությունը, բայց պիտի ներե ժողովուրդին պարզ հասկացողությունը և օգտապաշտ տրամադրությունը:
            Վերջացնելե առաջ մեր այս հակիրճ տեսությունը կրնանք վստահորեն ըսել. Րաֆֆի իր երկարաշունչ վեպերով միակն եղավ` այդ արվեստին հաղթական կոթողը կերտողը մեր գրականության մեջ, թե հայ վիպասանությունը կարևոր բաժին մը կը պարտի իր տաղանդին, թե գալիք սերունդներու ամբողջ շարք մը դեռ իր նկարագիրը պիտի ջրդեղե անոր գանկին  հրեղեն ավազանին մեջ:
            Րաֆֆիի դամբարանին ջահին առջև, որ հրդեհեց մեր երիտասարդությունը և ապագային խորունկ խորքերը լուսավորեց, կը խոնարհինք երկյուղածորեն ու կը համառինք երազել ԽԵՆԴԻՆ երազը»:


[1] Խոսքը «Կայծերի» 1904 թ. տպագրության (Վիեննա) մասին է, որտեղ Աննա Րաֆֆին հրատարակել էր վեպի մի քանի նոր հատվածներ: