Արտաշես Հարությունյան.Դանիել Վարուժան և «Ցեղին Սիրտը»

89

            1909  թվականին լույս տեսավ Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուն և միանգամից ազդարարեց հայ մեծ բանաստեղծի ծնունդը, բանաստեղծի, որ վրեժի  ու պայքարի էր կոչում մի ողջ ժողովրդի:
            1910 թվականին Արտաշես Հարությունյանը  մի ծավալուն հոդված է գրում Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուի մասին` բարձր գնահատելով թե ամբողջ գիրքը, թե հեղինակին.« Ողջո՜յն ուրեմն նորաստեղծեալ  հեթանոսական ծիրանի հանճարին, ողջո՜յն, ցնծութենէ արտասուաթոր աչքերով ողջո՜յն, դափնեպսակ մաքրափայլ ճակատին` աստուածընտիր օծեալին, հա’յ բանաստեղծին»:
         Ընթերցողին հատվածաբար  ներկայացնում  ենք Արտաշես Հարությունյանի հոդվածը, որ  լույս է տեսել Պոլսում` «Դանիել Վարուժան եւ իր նոր գիրքը» վերնագրով:
            «Թերեւս չափազանցութիւն չէ ըսել, թե հայ քնարը բաւական ատենէ ի վեր չէր հնչեցուցած այսքան վեհ, այսքան լայնաճախր սաւառնումով հնչիւն մը: Ցեղին Սիրտը ապահովաբար մէկն է այն գիրքերէն, որք անմոռանալի կը մնան գրականութեանց պատմութեան մէջ…Աշխարհ լեցուն է մերթ ահազդեցիկ ու բազմադղորդ մեծութեամբ` այլ խիստ վաղանցիկ փառքով աստուածներով:
            Այնքան շուտ կուգան ու կերթան: Քիչերուն տրուած է յաւերժանալ ժողովուրդներու սրտին, համարման ու պաշտամունքին մէջ: Բանաստեղծը` այդ երանելի ճակատագրով ճակատագրուած բախտաւորներէն է :
            Դանիել Վարուժան` հին դարերէն ու հին աւանդութիւներէն կուգայ մեզի: Պիտի ըսեի թե` ծովերու սրտէն դուրս եկող հրեղեն եղէգի մը փողէն ծնունդ առած առասպելական պատանեկիկ մըն է ան, բոցեղէն մազերով ու արեգակէ աչքերով, որ մեզի կուգայ պատգամել` հեթանոս Հայութեան հինաւուրց բնազդներէն, որ տաղերգել կուգայ մեզի` Ցեղին Սիրտը: Ողջո՜յն ուրեմն նորաստեղծեալ  հեթանոսական ծիրանի հանճարին, ողջո՜յն, ցնծութենէ արտասուաթոր աչքերով ողջո՜յն, դափնեպսակ մաքրափայլ ճակատին` աստուածընտիր օծեալին, հա’յ բանաստեղծին…
            Ձօնը գոհար մըն է, զոր բանաստեղծը, իր սրտին ադամանդեայ զանգուածէն կը փրցնէ կը հանէ` նուիրելու համար իր հայրենիքին ու իր ցեղին:
Քիչ անգամ այսքան գեղեցիկ ու այսքան սրտագին երգուած բանաստեղծութիւն մը կարդացած եմ…Չեմ ուզեր մի առ մի յիշել բոլոր քերթուածները, որոնց մէջ գլուխգործոցներ չեն պակսիր, ինչպես են` Վահագն հեթանոս գինովութեամբ հզօր բանաստեղծւթիւնը, Յաղթողը, այնքան  պատկերալից, նկարչագեղ, որուն մէջ Հիւկօյական պերճութիւն մը յորդան կուտայ,Կիլիկեան Մոխիրներուն, Հովիւը,Արմենուհին` թանկագին եւ հրաշալի են յղացման վեհութեամբ, զգացման խորութեամբ եւ ուժգնութեամբ, պատկերներու հզօր ու շնորհագեղ ճոխութեամբ…
            Վերադառնալով Վարուժանին, պիտի ըսէի թե ոսկիի ճոխ հանք մըն է: Չեմ գիտեր թե ինչ թանկագին բաներ պիտի տայ մեզի տակաւին: Բայց նոր բացուած ոսկիի հանք մըն է, եւ իր արտադրութիւնը թէեւ ըստ քանակութեան առատ` բայց ըստ տեսակին անզուտ չէ տակաւին…Ապահովաբար հետզհետէ աւելի պիտի մաքրուի, նորանոր գանձերով օժտելով հայ աղքատիկ բանաստեղծութիւնը…»:[1]


[1] Արտաշես Հարությունյան, Ընտրանի, Երևան, 2016 թ., էջ`231-235: