Ավելի ենք համոզվում, որ իշխանությունների այս սատանայական պրոյեկտը րոպե առաջ պետք է կանգնեցվի. Մենուա Հովսեփյան

239

Հստակ երևում է, որ իրավապահ մարմինները քաղաքական էժանագին պատվեր են կատարում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել են՝ Սյունիքում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում շուրջ 16 սյունեցի ձերբակալվել էր, նրանց թվում Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, որի նկատմամբ Երեւանում նաեւ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն է գործադրվել։ Վերջինս համոզված է՝ տվյալ գործը պարզապես քաղաքական պատվեր է, երկրորդ կարծիք լինել չի կարող։

Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների վերաբերմունքին, ապա Մենուա Հովսեփյանի խոսքով, ընդհանուր առմամբ բոլոր օղակներում դրական վերաբերմունքի է արժանացել, բացառությամբ, երբ անօրինական ձևով իրեն ՔԿ-ից տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենք. «Միայն Երևան քաղաքի վարչության շենքում են վատ վերաբերմունք ցուցաբերել։ Հետո նորից ՔԿ են տարել և մնացած ընթացքում վերաբերմունքը նորմալ է եղել»,-նշեց փոխքաղաքապետը։

Հարցին՝ արդյոք իշխանությունների այս քայլերը միտված են կոտրելու սյունեցիների ոգին, Մենուա Հովսեփյանն ասաց. «Իրենց կատարած ամեն անգրագետ քայլ ավելի ու ավելի հաստատակամ է դարձնում մեզ և ավելի ենք համոզվում, որ այս սատանայական պրոյեկտը, որն իրականացվում է իշխանությունների կողմից, րոպե առաջ պետք է կանգնեցվի։ Նման էժանագին վիդեոներով, նկարահանումներով մեզ չեն կարող լռեցնել»,-նշեց փոխքաղաքապետը։

Աղբյուր` Փաստինֆո