Այսպիսի կառավարություն ունենալը հավասար է որբ լինելուն

116

Այսպիսի կառավարություն ունենալը հավասարազոր է որբ լինելուն։ Դրսից հալածանք, տանը վիլվետյա քաշքշուկ, և կամ արհամարհանք ու պետական մակարդակով անտերություն անտերությանց։ Անհնար է չխոսել իմքայլական անհեթեթ, ցնորամիտ «կառավարումից», անհնար է ապրել այս երկրում և սթրեսակայուն, անհայհոյանք օր անցկացնել։ Նիկոլական եկվորների նեղմիտ պատկերացմամբ իշխանությունը մի բերկրություն է՝ խումարի պահին թանապուր կոնծելու պես հաճելի ու դյուրամարս։ Եվ հիմա, երբ արդարացիորեն բորբոքված մեր հայրենակիցները հայհոյում ու անիծիմ են, որոշ ջահել, նրբիրան դրածոներ ապշահար են լինում ու ընկնում ցնցումների մեջ։

Այս «քայլական» դասակը որտեղով անցնում է, ինտրիգ է ծագում։ Այդ ի՞նչ առասպելական դիվավնություն ունեն սրանց սրունքները։ Մի՞թե (նույնիսկ վախենում եմ ասել) միտումը «Երևանի Հանրապետություն» ստանալն է։ Մի սեղմ տարածք, որտեղ անդադար քայլեն բոլորն ուսապարկերով, դդացած դեմքերով, ինչպես 21-րդ դարի «մեշոկ մարդուկներ», բոլորը քայլեն քրտնաթոր սվիտերով, «ռիսկով» գլխարկներով, գտնվեն «ռիսկային խումբ-խմբակներում», և բոլորը քայլելով դառնան իմքայլական, մերքայլական, և քայլեն իրար վրայով, փնչացնելով, հոխորտալով, չարանալով, ու մութ դաժանությամբ հեղեղված։ Սա՞ է միտումը, սրա՞ն է ձգտում թուլայական այս վարմունքը, որին հավատս չի գալիս թե ականատես եմ լինում։ Կարծես ֆիկցիա լինի Հայաստանը, դժոխային ամպերի տակ կքած մի վայր ուր օրը բացվում է մանկական գոռոզությամբ և հազիվհազ ձգվում մթնելու։ Սա ներկա չէ, սա վիճակ չէ, սա եղերական պատուհաս է։

Ամեն ինչից զատ, բոլոր տխմարությունների ստվերում, մատնացույցի պես ծառանում է վախը. Վախը, թե «կգան նրանք, կգան հանցավոր ու հի՜ն բռնապետերը և դուք՝ սիրելի ժողովուրդ կկքեք ցկեանս։ Եվ թե հիմա էլ ես գահին եմ, ապա դա դարի բարեգործությունն է, սիրելի ժողովուրդ. դուխո՛վ…»

Որքան էլ ասեմ, թե այլևս զարմանալի չէ մարդկանց մասսայական մանիպուլացումը տեսնելը՝ մեկ է, շարունակում եմ ապշել 21-րդ դարում տետրիսային կախվածության պես անհայացք ու անհեռուն ճկվողների տեսնելիս։ Եվ, պատկերացրեք որ նրանք շատ են, նրանք զգալի են, նրանք քանակ են, կամ, ավելի ճիշտ, գլխաքանակ են։