Փարիզի հայկական եկեղեցին դարերի ընթացքում

94

[202101435.jpg] [202101436.jpg] [202101438.jpg] [202101437.jpg]

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ

Փարիզի ավելի քան մեկ դարյա հայկական առաքելական եկեղեցին իր գրկում հավատացյալների բազում հայտնի ու անհայտ սերունդների է տեսել: Այն Ֆրանսիայում հայ համայնքի ամենախորհրդանշական հուշարձաններից էՙ հուշի եւ ավանդույթի վայր: Այս եկեղեցու խոնարհ ծառա եւ հենասյուն Գեղամ Թորոսյանը մի աշխատություն է հրատարակելՙ Ֆրանսիայում հայության համար հիշարժան այս կառույցի մասին:

Ցեղասպանությունը վերապրածների որդի Գեղամ Թորոսյանը ծնվել է 1932 թվականին: Փարիզի Ժան Գուժոն փողոցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Հայկական եկեղեցին եղել է նրա, կարելի է ասել, երկրորդ տունը: Մանուկ հասակում նա գնում էր այնտեղ պատարագի. այնտեղ էլ պատերազմից հետո անցավ իր կատեխիզիսը, իսկ 1958 թվականին դարձավ Արա Պարթեւյանի (1902-1986) ղեկավարած եկեղեցական երգչախմբի անդամ: 1979 թվականին դառնալով լուսահոգի Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի (1908-1984) առաջնորդած Փարիզի Կրոնական ընկերակցության անդամ, ապա` ատենապետ (1990-2008)ՙ մինչեւ 2015-թվականն ծավալել է վարչական, թեմական, էկումենիկ բնույթի բուռն գործունեություն, ինչի համար նրան շնորհվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան: Նա նաեւ հեղինակել է Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ բազմաթիվ գրքույկներ, հոդվածներ ու մենագրություններ, այդ թվումՙ Աստվածաշնչի ամեն շաբաթվա կիրակնօրյա ընթերցումների (1990-2015) ամփոփումների եւ Ֆրանսիայի թեմի ծիսական տոմարի (2008-2015) հրատարակությունը:

Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդ Նորվան եպիսկոպոս Զաքարյանի նախաբանով սկսվող այս աշխատանքը 1994 թվականին տաճարի օծման 90-ամյակի առթիվ պատրաստված ուսումնասիրության լրամշակված եւ ընդլայնված տարբերակն է: Տասնամյակներ շարունակ հեղինակը կուտակել եւ խնամքով պահպանել է այս հուշարձանի պատմության եւ կառուցման վերաբերյալ բազմաթիվ վավերագրեր:

Տեսնելով, թե ինչպես են ժամանակի քմահաճույքով մեկ առ մեկ մարում 1920-ականների թեմի առաջին սերնդի նվիրյալներըՙ Գեղամ Թորոսյանը հղացել է նրանց վերաբերյալ հիշողությունը փոխանցելու գաղափարը: Նա չի բավարարվել լոկ հիշատակելով ու թվարկելով նրանց անունները. Եկեղեցու բարերար Ալեքսանդր Մանթաշով, Թեմի առաջին առաջնորդ Վռամշապուհ եպիսկոպոս Քիպարյան, Երուսաղեմի ապագա հայոց պատրիարք Տիրան արք. Ներսոյան, ավագ քահանա Թովմաս Մինասյան-Մնացականյան, Արտավազդ արքեպիսկոպոս Սուրմեյան (Փարիզի արքեպիսկոպոսը 1946-1951 թթ.), Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյան, բարեգործ Նուրհան Ֆրենկյան եւ շատ ուրիշներ… Նա վերակենդանացրել է այն հավատացյալ անձանց, որոնք իրենց ծառայությամբ ու ներգրավվածությամբ ավանդումի ու միասնականության առաքելություն են կատարել:

Սոսկ հուզմունքով կարելի է կարդալ այն էջերը, որտեղ արտացոլված են արդեն հեռացած այնքա՜ն անուններ ու դեմքեր: Ի՞նչ է մնացել Ֆրանսիայի հին հայկական համայնքից: Գեղամ Թորոսյանըՙ այս Եկեղեցու անխոնջ սպասավորը, որի սյուներից մեկն է նաեւ, Նորվան սրբազանի հետ միասին մեծ ներդրում ունեցավ նոր թեմի կանոնադրության լրամշակման գործում:

Հեղինակը հիշում ու արթնացնում է մոռացության մշուշի մեջ թաղված անցյալը, կյանքի կոչում այն կերպարներին, որոնք կերտեցին այս տաճարը, որ կերպարանափոխվեց նոր թեմի ստեղծմանը զուգընթացՙ մեծ դպրոցաշինարար Նորվան սրբազանի ջանքերով, ում Գեղամ Թորոսյանն իրավացիորեն համեմատում է նրա հեռավոր նախորդիՙ եկեղեցիների նշանավոր շինարար եպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի հետ:

Այս գրքում ընդգրկված են նաեւ բազմաթիվ լուսանկարներ, մինչեւ 2015 թվականը առաջնորդների հաջորդական կենսագրականները, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու պատմության, վարդապետության, խորհուրդների, ծեսերի, տոմարի եւ այլ իրողությունների վերաբերյալ մի շատ ողջունելի ամփոփիչ խոսք: Այստեղ կարելի է տեսնել մեր այս եկեղեցու կյանքնՙ իր մեծությամբ ու տկարություններով հանդերձ: Մի խոսքով, կենսալից մի հանգրվան, որ կարող է թանգարան լինել, քանզի Ժան Գուժոն փողոցի այս տաճարի տարեգրության միջով մեզ է ներկայանում մեր պատմության մի ամբողջ ժամանակաշրջան: Պատմությո՛ւնը Սփյուռքում ապրող մի ժողովրդի, որը միավորվեց Ֆրանսիայի ազգային հյուսվածքինՙ չուրանալով իր հավատն ու արմատները:
Նկար 2. Եկեղեցու Ժան Գուժոն փողոցի Ճակատը:
Նկար 3. Փարիզի հայկական եկեղեցու առաջին քարի տեղադրումը 1902 թ. հոկտեմբերի 5-ին:

Նկար 4. Հիսուս Քրիստոսի մկրտությունը (խճանկարըՙ Արտավազդ Բերբերյանի, 1975 թ.)