Սյունիքի «օրակարգը» շահարկելով՝ փորձ է արվում Հայաստանի ուշադրությունը շեղել Արցախի հիմնախնդրից․ Վարդան Ոսկանյան

59

Սյունիքի շուրջ ակտիվությունը որոշ դեպքերում սպասելի էր, որոշ դեպքերում՝ տարօրինակ։ Վերջինի պարագայում խոսքը, մասնավորապես, ՀՀ նախագահի, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի՝ Սյունիք վերջին այցի մասին է։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։   «Ինչ վերաբերում է սպասելի հատվածին, որն ակնհայտորեն իրականացվում է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից, ապա պարզ է, որ այդ դաշինքը երկու նպատակ է հետապնդում։ Բնականաբար, առաջին նպատակը միտված է մոտ 100-ամյա թյուրքական երազանքի իրականացմանը, այսինքն, Թուրքիայի և իր պրոյեկտի՝ ադրբեջանական կոչվող հանրապետության միջև ցամաքային կապի ապահովմանը։ Մասնավորապես, այն ցամաքային կապի, որը մինչև վերջերս թուրք-ադրբեջանական դաշինքը կոչում էր «թուրանական միջանցք», իսկ հիմա Բաքվի բռնապետը պարբերաբար կիրառում է «զանգեզուրյան միջանցք» տերմինաբանությունը։ Եվ այդ «միջանցքը» ստեղծելու համար հղում է կատարվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որտեղ թեպետ միջանցք և նման որևէ բնորոշում չկա, բայց, այսուհանդերձ, արձանագրված է Նախիջևանի ինքնավար հանրապետության և Ադրբեջանի, այսպես կոչված, արևմտյան շրջանների միջև ցամաքային կապի ապահովումը։ Մինչդեռ, օրինակ, ՀՀ-ի և Իրանի միջև Նախիջևանի վրայով երկաթուղային ճանապարհով ցամաքային կապի ապահովումը հատուկ արձանագրված չէ, ինչը թույլ է տալիս Բաքվի բռնապետին ու նաև թուրքական կողմին պարբերական մանիպուլյացիաների գնալ այս ուղղությամբ։ Մեծ հաշվով, առաջին թիրախը Սյունիքն է, որը Ադրբեջանի ու Թուրքիայի աչքի փուշն է։ Երկրորդ թիրախը հետևյալն է․ Սյունիքի «օրակարգն» անընդհատ շահարկելով՝ փորձ է արվում Հայաստանի ուշադրությունը շեղել Արցախի հիմնախնդրից»,-ասաց մեր զրուցակիցը։ Նա շեշտեց, որ այդ համատեքստում պատահական չեն Բաքվի բռնապետի հայտարարությունները․ «Բաքվի բռնապետը պարբերաբար խոսում է այն մասին, թե իբրև Արցախի հարցը վերջնականապես լուծվել է։ Խոսում է նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Երևանի մասին, որպեսզի մեր ուշադրությունը սևեռենք ՀՀ տարածքին՝ մոռանալով Արցախի մասին։ Երկու ուղղություններով էլ, այդուհանդերձ, Հայաստանում  բավականին մեծ դիմադրություն կա հասարակական շրջանակների, մտավորականների, նաև սյունեցիների կողմից։ Այդ դիմադրությունը, սակայն, ցավոք ցույց չի տրվում իրեն իշխանություն համարող վարչախմբի կողմից»։ Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմը խախտելու ադրբեջանական սադրանքներին՝ Վ․ Ոսկանյանը  լայն կտրվածքով դիտարկեց իրավիճակը։  «Այդ սադրանքներն ուղղված չեն միայն ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ։ Հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում և ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում, այդ սադրանքներն ինչ-որ տեղ նաև Ռուսաստանի վրա ազդեցություն գործելու միտում ունեն։ Դրանք փոխշաղկապված են բոլոր այն չակերտավոր ճակատների հետ, որտեղ առկա է, շատ մեղմ ասած, ռուս-թուրքական մրցակցություն։ Խոսքը թե՛ Արևելյան Ուկրաինայի, թե՛ Սիրիայի մասին է։ Այդ ճակատներից մեկը՝ թուրքական կողմը, բնականաբար, իր արբանյակ Ադրբեջանի միջոցով փորձում է ակտիվացնել Հարավային Կովկասը։ Կարծում եմ՝ այս հարթության մեջ ռուսական դիրքորոշումները կարող են չափազանց ազդու լինել, որովհետև Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախմբից թե՛ քարոզչական, թե՛ գործողությունների տիրույթում որևէ համարժեք արձագանք ակնկալելն ուղղակի անտեղի է։ Հետևաբար, ադրբեջանական սադրանքների ակունքները գնում են Թուրքիա, և այդ սադրանքները միտված են նաև ՌԴ-ի դեմ։ Մյուս թիրախն էլ ՀՀ-ի ու ԱՀ-ի բնակչությունն են, որին ուզում են մշտական սարսափի ու վախի մթնոլորտում պահել»,-ասաց Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում ռուս-թուրքական ստատուս քվոն կարող է խախտվել հենց ռուս-խաղաղապահների կամ սահմանապահների նկատմամբ սադրանքի միջոցով․ «Մոտավորապես այն նույն սցենարով, որը ժամանակին տեսել ենք Հարավային Օսեթիայում։ Թեպետ այս պահին թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պատրաստ չեն ավելի լուրջ գործողությունների, բայց մանր սադրանքներով փորձում են մշտապես պահել լարվածությունը»։

Armenia Today

Armenia today