Պենտագոն. Մտահոգության տեղիք է տալիս Իրանի առաջընթացը բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների մշակման հարցում

69

Իրանի իշխանությունները վերջին 5-7 տարիների ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման հարցում, ինչը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին Պենտագոնում կայացած մամլո ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քեննեթ Մակքենզին, որի գործառնական պատասխանատվության ոլորտը հիմնականում ներառում է Միջին Արևելքը:

«Ես կսկսեմ բալիստիկ հրթիռներից, քանի որ հենց այդտեղ եմ տեսնում իրանական ամենամեծ սպառնալիքը: Այս [հրթիռային] սպառնալիքն ինձ ամենից շատ է անհանգստացնում: Վերջին հինգ-յոթ տարիների ընթացքում Իրանը զգալի, որակական բարելավումներ է կատարել իր բալիստիկ հրթիռների հարցում, միևնույն ժամանակ դրանց թիվը նույնպես աճել է», ասել է Մակքենզին:

«Նրանց անօդաչու թռչող սարքերի ծրագիրը նույնպես զգալի առաջընթաց է արձանագրել։ Սրանք բոլորը համեմատաբար նոր զարգացումներ են: Ես խոսում եմ վերջին մոտ հինգ տարիների մասին: Երբեմն ժամանակ է պահանջվում, որպեսզի դա մեզ և մեր վերլուծաբաններին հայտնի դառնա: Դա [Իրանի նոր մշակումները] ինձ շատ է անհանգստացնում», ասել է ղեկավարը: